ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Այդ մասին տեղեկանում են ԱԺ պաշտոնական կայքից:
Պատգամավորն իր ելույթում ասել է.
«Հարգելի՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին և Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հարցերի հանձնաժողովին՝ այս զեկույցի նախապատրաստման ուղղությամբ կատարած աշխատանքի համար։
Մեր Կանոնակարգի վերակազմավորումն առաջին հայացքից կարող է թվալ զուտ տեխնիկական գործընթաց։ Սակայն հստակ կանոնները ցանկացած խորհրդարանական կառույցի վստահելիության և արդյունավետության կարևորագույն բաղադրիչներից են։
Կարևոր է ընդգծել, թե ինչ է իրենից ներկայացնում այս բարեփոխումը և ինչը՝ ոչ։Այն նպատակ չունի վերանայելու Վեհաժողովի արտաքին հարաբերությունների բովանդակությունը։ Փոխարենը, դրա նպատակն է ավելի մեծ հստակություն, համակարգվածություն և մատչելիություն ապահովել այն շրջանակում, որի միջոցով իրականացվում են այդ հարաբերությունները։
Մեր արտաքին և միջխորհրդարանական հարաբերություններն արդեն իսկ կարևոր նպատակ են ծառայում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանմանը, խորհրդարանական ինստիտուտների ամրապնդմանը և խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը։
Խնդիրն է ապահովել, որպեսզի այս աշխատանքը կարգավորող կանոնները լինեն բավարար չափով հստակ և նպաստեն այդ նպատակների իրականացմանը։Մասնավորապես, լավ կառուցակարգված շրջանակը կարող է օգնել մեզ ավելի հստակ հասկանալու Նախագահի, Բյուրոյի, հանձնաժողովների և Վեհաժողովի արտաքին գործունեության մեջ ներգրավված այլ դերակատարների համապատասխան դերերը։ Այն կարող է նաև մեր գործընկերների համար ավելի դյուրին դարձնել մեր ընթացակարգերին հետևելը։
Ինձ համար սա հատկապես կարևոր է, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը կախված է ոչ միայն պաշտոնական համաձայնություններից։ Այն նաև կախված է երկխոսությունը պահպանելու, փորձի փոխանակման և վստահություն ձևավորելու կարողությունից։
Եվ հենց այստեղ է, որ ընթացակարգերի հստակությունը կարող է իրական նշանակություն ունենալ։
Հայաստանի համար՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության, արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ փորձի փոխանակման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար։ Մենք խորհրդարանական դիվանագիտությունը նաև դիտարկում ենք որպես մեր ընդհանուր արժեքների վրա հիմնված ավելի լայն եվրոպական երկխոսությանը նպաստելու հնարավորություն։Ուստի ողջունում եմ մեր Կանոնակարգի վերակազմավորմանը հաջորդող այս աշխատանքը։
Լավ մշակված կանոնների նպատակը պետք է լինի ոչ միայն մեզ հստակեցնելը, թե ինչ կարող ենք կամ չենք կարող անել։
Դրանք պետք է օգնեն մեզ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնել։Եվ եթե ավելի հստակ կանոնները մեզ հնարավորություն տան մեր արտաքին և միջխորհրդարանական հարաբերություններն իրականացնել ավելի համակարգված, թափանցիկ և արդյունավետ կերպով, ապա այս բարեփոխումը կհասնի իր նպատակին։
Շնորհակալություն»։







