ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար 2027 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 24,1 մլրդ դրամ՝ իրականացնելու 16 միջոցառմամբ 4 բյուջետային ծրագիր։ Այս մասին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։

Զեկուցողն ընդգծել է, որ ոլորտի արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի գծով ֆինանսական միջոցները 2027 թվականին կկազմեն 14,043 մլրդ դրամ։ Նշվել է, որ ծրագրի նպատակն է բարելավել ու զարգացնել տեխնոլոգիական ոլորտի էկոհամակարգը։ «Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել և վերապատրաստել ոլորտի մասնագետներին՝ հաշվի առվելով նոր զարգացումները, մարտահրավերներն ու էկոհամակարգի կարիքները»,- շեշտել է նախարարը։ Նա անդրադարձել է «Տեխնոլոգիական կարողությունների ու հմտությունների զարգացում» միջոցառմանը՝ նշելով, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության տրամաբանությամբ ֆինանսավորում կտրամադրվի տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին՝ իրենց ներկայացրած ծրագրերի իրականացման համար։ Դավիթ Թադևոսյանի տեղեկացմամբ մինչև 2 մլն դրամ կհատկացվի մրցութային կարգով լավագույն ճանաչված 15 ծրագրերին, որոնք կարող են ունենալ ինչպես կրթական, այնպես էլ գիտական, արտադրական, լոգիստիկ և այլ ուղղություններ։

Զեկուցողի խոսքով մարզերում կիրականացվեն տեղեկատվական անվտանգության և արհեստական բանականության գործիքների վերաբերյալ գործողություններ, դասընթացներ։ Ծրագրի բյուջեն կկազմի 100 մլն դրամ։

Նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև հաջորդ տարի իրականացվելիք այլ ծրագրերի վերաբերյալ։

«ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները նոյեմբերի 6-ին շարունակվել են տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարել են Բաբկեն Թունյանն ու Լիանա Մանուկյանը։

Նիստում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ 2027 թվականի պետական բյուջեով կառույցին հատկացվելիք միջոցները կուղղվեն քաղաքաշինության ոլորտի կարգավորումների արդիականացմանը, բնակելի ու հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, տարածական պլանավորմանը, ինչպես նաև կոմիտեի հիմնական գործառույթների ապահովմանը։

2027 թվականին ՀՀ կադաստրի կոմիտեն շարունակելու է իրականացնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում» ծրագիրը։ Այս մասին ասել է կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով էլ գալիք տարի հանձնաժողովը կշարունակի կարգավորման մեխանիզմների բարելավմանն ուղղված իրավական ակտերի լրամշակման, ինչպես նաև սակագնային քաղաքականության կատարելագործման աշխատանքները։

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հաջորդ տարվա բյուջեի մեծ մասը կուղղվի աշխատողների վարձատրությանը, մնացածը՝ պահպանման ծախսերին․ այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա անդրադարձել է կառույցի տարեկան ծրագրով նախատեսված գործառույթներին։

ՀՀ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանի տեղեկացմամբ 2027 թվականի պետական բյուջեով հանձնաժողովին տրամադրվելիք միջոցների շուրջ 70 տոկոսն ուղղվելու է կիբեռանվտանգության և պետական տեղեկատվական համակարգերի կարգավորմանն ու կարողությունների ձևավորմանը։

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում