Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբինյան

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, շնորհակալություն հայտնեց նաև ՔՊ կուսակցությանը այս տարվա հունիսի 7-ին քվե տված 700 հազարից ավելի քաղաքացիներին, որոնք, ըստ նրա, «հստակ և աներկբա մանդատ են տվել ՔՊ-ին՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և խաղաղության օրակարգը՝ կազմելով Կառավարություն»:

«Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը, դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, հայկական ժողովրդավարությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը: Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության ու պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը:

Ես ասել եմ քարոզարշավի մեկնարկին և ուզում եմ կրկնել հիմա՝ իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել: Նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել, և ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ, ձեր և մեր բոլորիս երեխաներն այդպես էլ չիմանան և չտեսնեն, թե ինչ է պատերազմը»,- հայտարարեց Ռուբինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի և համոզմունքների համաձայն, առանց ընտրակաշառքի, չեն ընտրել ՔՊ կուսակցությանը, այսինքն՝ ընտրել են այլ ուժերի: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար և շեշտում եմ՝ խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով:

Սիրելի՛ ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք և լսում ենք: Ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել և տեսնում ենք, և ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ձեր ոչ բոլոր դժվարություններին և դժգոհություններին ենք արձագանքել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ»,- նշեց Ռուբինյանը՝ շեշտելով՝ խոստանում է, որ ամեն ինչ անելու են նրանց վստահությունը վերականգնելու համար:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանին: Նրան Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում