Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարածքների հնարավոր զիջման հարցը պետք է որոշեն ուկրաինացիները։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով:
Նա նաև հաստատել է, որ Կիևը Վաշինգտոնին է ներկայացրել ռուս-ուկրաինական կարգավորման ծրագրի թարմացված տարբերակը։ Զելենսկին հավելել է՝ ըստ Միացյալ Նահանգների՝ կարգավորման շրջանակում Ուկրաինայի արևելքում հարկավոր է ստեղծել ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի», սակայն թե ով պետք է վերահսկի այդ տարածքը՝ Ռուսաստանը, թե Ուկրաինան, Վաշինգտոնը չի հստակեցրել։ Նախագահը տեղեկացրել է, որ այժմ բանակցային ամենավիճելի հարցերը Դոնեցկի մարզի և Զապորոժիեի ատոմակայանի ապագա կարգավիճակի շուրջ են: Զելենսկին նշել է, որ կարգավորման հեռանկարը Միացյալ Նահանգներից բացի քննարկում են եվրոպացի գործընկերների հետ: «Նաև Վաշինգտոնը չի ցանկանում, որ մենք լինենք ՆԱՏՕ-ում։ Ի՞նչ են նրանք այդ ուղղությամբ քննարկել Ռուսաստանի հետ՝ չգիտենք», - հավելել է Ուկրաինայի նախագահը:
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Ուկրաինայում անհրաժեշտ է նախագահի ընտրություն անցկացնել՝ Զելենսկին պատասխանել է՝ պատրաստ է, սակայն դրա համար հրադադար պետք է հաստատվի, ապահովվի երկրում անվտանգությունը, և արևմտյան գործընկերները կարող են օգնել այդ հարցում: Նա հայտնել է, որ Կիևը և Վաշինգտոնն առաջիկայում անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի վերականգնման և տնտեսության ոլորտներում գործակցության համաձայնագիր կստորագրեն:
Զելենսկին տեղեկացրել է, որ կողմերն արդեն կառուցողական քննարկումներ են ունեցել անվտանգության երաշխիքների շուրջ, դրանց մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Դիտումներ1












