Վահագն Խաչատուրյանն այցելել է «ԱՍԿԵ գրուպ» պողպատաձուլական ձեռնարկություն

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Չարենցավանի «ԱՍԿԵ գրուպ» պողպատաձուլական ձեռնարկություն, որը խոշորագույնն է Հայաստանում։

Ընկերությունը մասնագիտացած է շինարարության մեջ կիրառվող պողպատե ամրանների, ինչպես նաև հանքարդյունաբերության համար նախատեսված պողպատե աղացագնդերի արտադրությամբ։

Նախագահը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ձուլարանի աշխատանքներին, մասնավորապես՝ 40 տոննա հզորությամբ էլեկտրաաղեղային վառարանի շահագործմանը և անընդհատ ձուլման հոսքագծերին։

Ձուլարանի տարեկան արտադրական հզորությունը կազմում է շուրջ 300.000 տոննա, իսկ ամրանների արտադրությունը՝ մինչև 175.000 տոննա։

Այցի շրջանակում նախագահը եղել է նաև տաք գլանաձև նախապատրաստվածքների գլոցման և աղացագնդերի արտադրամասում, որտեղ նախատեսվում է մեկ հերթափոխով տարեկան արտադրել շուրջ 20.000 տոննա արտադրանք։

Ընկերությունում միայն 2022 թվականից հետո իրականացվել է շուրջ 20 մլրդ դրամի ներդրում, որի զգալի մասը հնարավոր է դարձել պետական աջակցության գործիքների շնորհիվ։ «ԱՍԿԵ գրուպ»-ը նաև օգտվում է ներդրումային ծրագրերի շրջանակում Կառավարության կողմից տրամադրվող տարբեր աջակցություններից:

Շրջայցից հետո ընկերության գրասենյակում քննարկվել են ընկերության ընթացիկ գործունեությունը և ներդրումային ծրագրերը, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանի և ալյումինե մարտկոցների արտադրության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև մետաղաձուլության ոլորտում վերջին տարիներին Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում