Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա թվարկեց այն պատճառները, որոնց հիման վրա նման հայտարարություն է անում:

Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը: Հաստատվել է նաև երկու երկների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը, որը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է: Այդ փաստաթղթում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագիրը դարձրել են հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք:

«Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում՝ լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը, և պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում