Արձանագրել ենք, որ առավել ևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ. Փաշինյանը՝ Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել Միացյալ Նահանգների գործող վարչակազմի համար: Մեր դեպքում էլ այդ նույն արձանագրումը կար: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցին։

«Խոսակցության երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես՝ խաղաղության գործընթացը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցություններն այդպիսով հաջողությամբ ավարտելը: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, այսինքն՝ ուժի մեջ մտնի երկու երկրներում:

Փոխադարձաբար կարևորել ենք և արձանագրել ենք, որ առավել ևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ, և պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակում, ըստ պաշտոնական հողորդագրության, ՀՀ վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել բանակցային այն գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, որը սպասում է ստորագրման։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում