Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է հնարավոր ուժեղացնել պետությունը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին դա հնարավոր է անել արդյունավետ աշխատանքով, իսկ մեզանում «շատ աշխատել» հասկացությունը երբեմն առիթ է դառնում, որ շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում են։
«Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել, հազարավոր ժամեր անցկացնել և զրո արդյունք ստեղծել: Այստեղից էլ ձևավորվում է աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասաց վարչապետը:
«Մեծ հաշվով՝ արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելն ավելի շատ աշխատելն է՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատել և արդյունավետ աշխատել հասկացությունների մեջ է ընկած հարցի պատասխանը, թե ի վերջո աշխատանքը չարչարվե՞լն է, թե՞ ստեղծագործելը, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։
Անարդյունավետ, չիմացության ու չսովորելու հիման վրա աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որը հիմնականում չի բերում արդյունքներ»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպեսզի սա տեղի ունենա, ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունը, այսինքն՝ հաց վաստակելու լավագույն գործիքը համարի իր պետությունը, և այս նպատակին է ծառայում «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց» բանաձևը:













