Որ ասում եք՝ սա չի բխում մեր երկրի ազգային և պետական շահերից, ո՞ր երկրի շահերը նկատի ունեք. Կոնջորյանը՝ Ռուստամյանին

ԿԿարմեն Ղուկասյան

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հասկանալ այն ժանրը, պարո՛ն Ռուստամյան,- ընդհանրապես նման ժանր դեռ չկար,- որ դուք եկել եք, Մհեր Գրիգորյանը դեռ ելույթ չի ունեցել, բայց դուք իրեն հարց եք տալիս այստեղից և ասում եք, որ դուք չեք մասնակցում այդ քննարկմանը, այնինչ հարց եք տալիս այն քննարկման վերաբերյալ, որին դուք երեկ մասնակցել եք բավական երկար և լեգիտիմացրել եք, և այսօր էլ ասում եք՝ չեք լեգիտիմացնելու և պիտի գնաք, բայց մինչև գնալը լեգիտիմացնում եք: Այս մասին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խորհրդարանում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

Կոնջորյանի խոսքով՝ ինքը չի հասկանում այդ քայլի իմաստը:

«Քաղաքականապես հասուն չի, ժողովո՛ւրդ: Հո մենք դպրոցական չե՞նք: Կներեք, դուք 8-ի «Բ»-ն եք, 8-ի «Գ»-ն եք, թե՞ խորհրդարանական խմբակցություն եք։ «Մենք չենք մասնակցելու», բայց երեկ մասնակցել եք»,- ասաց նա։

Մեջբերելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերը, թե սահմանազատման հարցի քննարկմանը մասնակցելը դեմ է ազգային և պետական շահերին, խնդրեց կոնկրետացնել՝ որ պետության շահերը նա նկատի ունի:

«Ես կարծում եմ՝ ՀՀ ազգային և պետական շահերից և ՀՀ քաղաքացիների շահերից է բխում՝ ունենալ սահմանազատված սահման: Եվ այլ պետությունների շահերից կարող է և բխել, որ ՀՀ-ն չունենա սահմանազատված սահման, որովհետև եթե Հայաստանը չունի սահմանազատված սահման, ապա միշտ կարելի է սահմանների վերաբերյալ ստեղծել ամենատարբեր էսկալացիաները: Հիմա հարց է առաջանում՝ որ ասում եք՝ սա չի բխում մեր երկրի ազգային և պետական շահերից, ո՞ր երկրի շահերը նկատի ունեք»,- հարցրեց Կոնջորյանը Ռուստամյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում