Առաջարկվում է կատարել լրացում, որպեսզի հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա

ԿԿարմեն Ղուկասյան

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունման անհրաժեշտությունը ծագել է ՀՀ Անվտանգության ծառայությունից Պետական պահպանության ծառայության առանձնացման հետևանքով և կրում է առավելապես տեխնիկական բնույթ: Այն նպատակ է հետապնդում ապահովելու ՀՀ պետական պահպանության ծառայության այն զինծառայողների սոցիալական երաշխիքները, որոնց կյանքին կամ առողջությանը կարող է վնաս պատճառվել մարտական գործողությունների մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով: Այս մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը: 

Նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, արժանացել դրական եզրակացության: 

«Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն՝ ՊՊԾ-ն դասվում է այլ զորքերի հաշվին, և պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶՈՒ կազմում կարող է ընդգրկվել նաև ՊՊԾ-ն, ուստի, զուտ սոցիալական երաշխիքներից ելնելով, առաջարկում ենք սրան կողմ քվեարկել»,- ասաց Առաքելյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր նրան, թե արդյոք ՊՊԾ-ն երբևէ ներգրավվելո՞ւ է թշնամու դեմ մարտական գործողություններին: 

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի խոսքով՝ քանի որ նախկինում ՊՊԾ-ն գտնվում էր ԱԱԾ-ի ենթակայության ներքո, ավտոմատ կերպով օգտվում էր զինծառայողների փոխհատուցման բոլոր առավելություններից, քանի որ դարձել է առանձին մարմին, անհրաժեշտություն է առաջացել լուծել տեխնիկական խնդիր և ավելացնել նաև ՊՊԾ ծառայությունը:

«Ինչ վերաբերում է ներգրավվելուն, հարգարժան պարոն Խաչատրյան, հուսով եմ՝ ես և դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, երբեք դա չենք տեսնի, և կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չներգրավվի պատերազմում, այլև կարիք չլինի ծառայությանը ներգրավվել պատերազմական իրավիճակում»,- նշեց Քրիստինե Պողոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում