Միրզոյանը և Պապուաշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 
 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց այսօր, այս փուլում մենք ականատես ենք լինում երկու ինքնիշխան պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, և ես լիալույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք նոր՝ շոշափելի արդյունքների՝ ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանում բարեկեցության»:

 
 

Խորացող բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ Արարատ Միրզոյանը և Շալվա Պապուաշվիլին անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ սերտ համագործակցության հետագա զարգացմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև խորհրդարանական դիվանագիտության, այդ թվում՝ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը:

 

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

 
 

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները։

 

Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև կամուրջ լինելու հնարավորության շեշտադրմամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նաև մեծապես ավելացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության կառուցման հեռանկարները։

 

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում