Պապոյանը՝ «Սիներջիի» տնօրենի և երկու աշխատակցուհիների խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին

ԿԿարմեն Ղուկասյան

Լրագրողները խորհրդարանում հետաքրքրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանից՝ ինչ հարցեր են քննարկվել երեկ կայացած նիստում, ինչին ի պատասխան՝ Պապոյանը նշեց՝ վարչության նիստում բացառապես կուսակցական հարցեր են քննարկվում:

«Մասնավորապես կուսակցության զարգացման ռազմավարությունն ենք ընդունել, և ռազմավարության մեջ, այսպես ասած, պատասխանատուներ կան, քննարկել ենք, օրինակ՝ իմ պատասխանատվության գոտիները, որոնք վերաբերում են տարածքային կառույցների զարգացմանը, տարածքային կառույցների անդամների և ցանցի ընդլայնմանը, գաղափարական պատրաստվածությանը, ավագանիների, խմբակցությունների հետ աշխատանքը: Այսինքն՝ քննարկվել են մաքուր կուսակցական, գաղափարական բնույթի հարցեր»,- պարզաբանեց Պապոյանը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ նիստին ներկա չի եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արդյոք նեղացածությո՞ւնն է պատճառը, պատգամավորը ասաց՝ հստակ չի կարող պատասխանել, սակայն վստահ է, որ Սիմոնյանը կա՛մ պետական, կա՛մ անձնական պատճառներով չի մասնակցել:

«Այն կոնտեքստը, որ դուք հիմա ենթադրում կամ դնում եք հարցի մեջ, բացարձակապես նման բան չկա ու չի կարող լինել»,- նշեց Պապոյանը:

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ ՔՊ խմբակցության պատգամավորները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար, Պապոյանը խուսափեց պատասխանելուց՝ վկայակոչելով ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունը:

«Հենվենք այն տեղեկության վրա, որ տվել է պարոն Կոնջորյանը, բայց նաև ես գիտեմ՝ մամուլում ակտիվ քննարկվել է, և ենթադրում եմ՝ մամուլի տեղեկությունները հասանելի կլինեն վարչապետին»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ արդյոք ներկայացվե՞լ է միջնորդությունը, Պապոյանը պատասխանեց, թե չգիտի, սակայն նշեց՝ վստահաբար, անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են:

Նշենք՝ երեկ Կոնջորյանը, խորհրդարանում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին, հայտարարել էր, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել դատարան «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը - խմբ.) և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար 

«Խոսքը երկու կանանց և պարոն Հովհաննիսյանի («Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան - խմբ.) մասին է»,- մանրամասնել էր Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ 

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում