ԼՂ հայաթափումն ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը: Այդ մասին հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների շրջանակում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

 

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
«Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր՝ մեր երկրի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում, տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։

 

Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը: Վստահ եմ՝ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբելու նպատակով։

 

Բացի մեր երկրի և ՖՄԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունից, ստեղծված իրավիճակում պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ Ձեր, տիկի՛ն Մուշիկիվաբո, հստակ ու հասցեական արձագանքը։

 

Այո՛, այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար: Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Միաժամանակ, դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:

 

Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով բազմիցս ենք շեշտել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։

 

Հավելեմ, որ մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը»:
Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում