Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Հայկ Մամիջանյանի՝ արյամբ Երևանը փոխելու հայտարարությանը

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում իր ելույթում անդրադարձել է երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը: 

«Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտնել է, թե ինչ-որ չի բացառում, թե Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու: Հերթական անգամ ընդդիմությունը համադրելով կամ նույնականացնելով, համատեղելով, եթե այդ բառը կուզեք, իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերն այն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն սահմաններին, որ կա ադրբեջանական զորքերի կուտակում, անում է նմանատիպ հայտարարություններ»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով՝ այս ամեն արդեն այնքան է կրկնվել, որ նույնիսկ ծիծաղելի էլ չէ:

«Հետո այստեղից էլ հայտարարեցիք, պարո՛ն Մամիջանյան, որ երբ «կանչը» հնչի, կգա գործելու ժամանակը: Պարո՛ն Մամիջանյան, կխնդրեմ այդքան պաթոսով չարտահայտվել և Վայբերի SMS-ներին «կանչ» չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե «կանչ» կոչվածն ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ ստանում եք: Ամենայն հավանականությամբ, Վայբերով, և վստահ եմ՝ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունն անգամ գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ «կանչերը»:

Այնպես որ, պարո՛ն Մամիջանյան, խնդրում ենք, այդ ձեր «կանչերն» ու SMS-ները պահեք միայն ու բացարձակապես սեփական ընթերցանության համար: Այստեղ ո՛չ ձեր «կանչերից» վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, և ո՛չ էլ առհասարակ ձեզնից: Ու եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժին, ձեր քաղաքական ուժի նախագահին հաջողվել է մարտի 1-ին իշխանության գալ արյուն թափելով, ու դա ձեզ երբևէ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ մեծ, շատ մեծ հիասթափություն է սպասում, ու այս ելույթը կարող եք թարգմանել ու Վայբերով հետ ուղարկել»,- հայտարարեց Ալեքսանյանը: 

Հիշեցնենք՝ Մամիջանյանը երեկ խորհրդարանի միջանցքում, ներկայացնելով Երևանը փոխելու իր պատկերացումները, հայտարարել էր, թե Երևանը փոխվելու է «մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում