Պայթյուն ՌԴ պայթուցիկ նյութերի պահեստներից մեկում

ԴԴիանա Գասպարյան

ՊԱՅԹՅՈՒՆ ՌԴ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սերգիև Պոսադ քաղաքում` Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի տարածքում, հզոր պայթյուն է գրանցվել: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Պիրո-Ռոս» ընկերության պայթուցիկ նյութերի պահեստում։ Հայտարարվել է տարհանում։

Տեղական իշխանությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հատել է 50-ը, հայտնի է մեկ զոհի մասին։ Միջադեպի հետևանքով վնասվել են ոչ միայն գործարանի շինությունները, այլև հարակից տներն ու կառույցները։

Անօդաչու թռչող սարքի հարձակման վարկածը չի հաստատվել։ Արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման հոդվածով քրեական գործ է հարուցվել։

ՌԴ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԶՈՒ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԵՆ. ՇՈՅԳՈՒ

Ռուսաստանի արևմտյան սահմանին տեղակայված զինված ուժերի միավորումները կուժեղացվեն, ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Սերգեյ Շոյգուն նաև տեղեկացրել է, որ Միութենական պետության՝ Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ արդեն տեղակայված է շուրջ 360,000 զինծառայող: Նախարարի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքից բխող սպառնալիքները համարժեք արձագանք են պահանջում:

Շոյգուն զգուշացրել է՝ ռազմի դաշտում իրավիճակը փոխելու նպատակով Կիևին Արևմուտքի մատակարարումները հետագա էսկալացիայի լուրջ ռիսկեր են ստեղծում։ Նա դժգոհություն է հայտնել, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և նրանց դաշնակիցների աջակցության ընդհանուր ծավալը գերազանցում է 160 միլիարդ դոլարը:

ԱՄՆ-Ը ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, որոնք տարածվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ «սև ցուցակում» են հայտնվել, այդ թվում, «Բելավիա» ավիաընկերությունը, Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտը, Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարանը:

Պատժամիջոցների ցանկում ներառված ինքնաթիռներից մեկը պատկանում է Բելառուսի կառավարությանը։

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ. ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Չինաստանի հյուսիսում աղետալի վիճակ է: Հայհե գետի ավազանում արդեն մի քանի օր շարունակվող հեղեղումների պատճառով կան տուժածներ և լուրջ ավերածություններ: Նոր ջրհեղեղների սպառնալիքը մեծանում է։

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ «Կանուն» թայֆունի թիրախում են Չինաստանի հյուսիսարևելյան բնակավայրերը: Ջրհեղեղների կանխարգելման աշխատանքները լավատեսություն չեն ներշնչում:

Աղետների կանխարգելման պետական ​​վարչության տվյալով՝ ջրհեղեղի նախազգուշացումներ են տրվել Տյանցզինում, Հեբեյում, ինչպես նաև Պեկինում և մի շարք այլ բնակավայրերում:

Մինչ այդ՝ մայրաքաղաքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հատել է 30-ը: Կան անհետ կորածներ: Տեղական իշխանությունը հայտնում է, որ աղետից ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 2 մլն մարդ:

Լրատվականները գրում են, որ Չինաստանում հուլիսին վերջին 140 տարվա կտրվածքով տեղումների ռեկորդային քանակ է գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում