Հակամարտությունում Մոսկվան արդեն պարտված է. Բայդեն

ՄՄերի Ներսիսյան

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հուլիսի 15-ին նախատեսված հանդիպմանը: Նրա խոսքով՝ որևէ հետևություն անելու համար վաղ է։

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։

ՎԵԼԱՅԱԹԻՆ՝ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Նա շոշափել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի վերջին քայլերի թեման, նշել՝ Թուրքիան, որ ավելի վաղ ներկայանում էր որպես Ռուսաստանի մտերիմ, փոխում է քաղաքականությունը՝ համաձայնության գալով ՆԱՏՕ-ի հետ Շվեդիայի անդամակցության հարցում, ինչպես նաև «Ազով» գնդի հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելով:

Վելայաթին արծարծել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի ապահովման հարցը։

«Շատերն ասում են, որ եթե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերի դյուրացում լինի, ապա չի լինի հարևանների կողմից Հայաստանի տարածքի մեծ հատվածի օկուպացման անհրաժեշտություն։ Բոլոր օբյեկտները, ինչպիսիք են գազը, էլեկտրականությունը, տարանցիկ երթուղին և այլն, կարող են հեշտ հասանելի լինել առանց Հայաստանի ինքնիշխանության խախտման»,- գրել է Վելայաթին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն պնդում են այդ ճանապարհի անհրաժեշտության մասին՝ հետապնդելով հետևյալ նպատակները՝ Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի՝ դեռևս Աքեմենյան և Պարթևական կայսրությունների ժամանակներից եկող կապերը: Վելայաթիի կարծիքով՝ դա կսահմանափակի Իրանի կապն արտաքին աշխարհի հետ, կխախտվի կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։

«Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն առաջ կբերի երկարաժամկետ լարվածություն»,- հավելել է պաշտոնյան:

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԱԾ Է. ԲԱՅԴԵՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆինլանդիայում է: Այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո Սպիտակ տան առաջնորդը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի անդամակցության թեմային:

«Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, բայց ոչ` հակամարտության ժամանակ. դա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի»,- հայտարարել է Բայդենը։

Նրա խոսքով` Ուկրաինայում ընթացքող պատերազմը չի կարող մի քանի տարի շարունակվել: Բայդենի համոզմամբ՝ Ռուսաստանը չի կարող այդքան երկար շարունակել հակամարտությունը, նրա կարծիքով՝ հակամարտությունում Մոսկվան արդեն պարտված է:

ԱՄՆ նախագահն այսօր Ֆինլանդիայի նախագահական պալատում բանակցություններ է վարել նաև սկանդինավյան երկրների առաջնորդների հետ: Բայդենը Ֆինլանդիայում է՝ մասնակցելու ԱՄՆ-Սկանդինավյան գագաթնաժողովին` Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի ղեկավարների հետ:

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՄ ՈՐՈՇՈՒՄԸ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ողջունել է Եվրամիության որոշումը՝ չեղարկել ճապոնական սննդամթերքի ներմուծման սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2011 թվականին Ֆուկուսիմայի միջուկային վթարից հետո: Կիշիդան հայտարարությունն արել է միջոցառումից հետո՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ճապոնիայի վարչապետը ողջունել է եվրոպական կողմի համապատասխան որոշումը՝ նշելով, որ արտադրանքի մատակարարման արգելքի վերացումը դրական ազդեցություն կունենա 2011 թվականի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման գործընթացի վրա։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավանություն է տվել վնասված կայանի մաքրված ռադիոակտիվ ջուրը օվկիանոս բաց թողնելու Ճապոնիայի ծրագրին: Սակայն այդ որոշումից հետո անվտանգության մտահոգություններ են ծագել հարևան երկրներում՝ Հարավային Կորեայում և Չինաստանում:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՍՏԱՆԱ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ. ԿՈՒԼԵԲԱ

Ուկրաինան, չնայած Ռուսաստանի սպառնալից հայտարարություններին, կստանա F-16 կործանիչներ, Twitter-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան նշել է.

«Ռուսաստանի միակ սպառնալիքն ուկրաինացի զինվորն է: Ահա թե ումից պետք է ամենից շատ վախենան Պուտինն ու իր շրջապատը: Ուկրաինան F-16-ը կստանա` ըստ ժամանակացույցի: Ռուսաստանը դա կուլ կտա՝ չնայած Լավրովի ասածներին»:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիևին F-16 կործանիչներi տրամադրումը դիտարկելու է որպես միջուկային սպառնալիք և իրադարձությունների ծայրահեղ վտանգավոր զարգացման օրինակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում