ԱՄՆ-ը վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ

ԴԴիանա Գասպարյան

ԲԱՔՎՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Դեսպանից պահանջել են պարզաբանել օրերս Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Փարիզը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողքին է և շարունակելու է ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա:

«Պաշտոնական Բաքուն, հնարավոր է, դիվանագիտական մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ֆրանսիայի Նանտեր քաղաքում ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո արդեն երրորդ օրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում լարված իրավիճակը պահպանվում է՝ բազմահազարանոց ցույցեր, անկարգություններ, իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ, խանութներից գողություններ, տասնյակ տուժածներ և 800-ից ավելի ձերբակալված՝ հիմնականում անչափահասներ և երիտասարդներ: Ողջ երկրում կարգուկանոնին հետևելու համար ներգրավվել է 40.000 իրավապահ: Փարիզում, ինչպես ավելի վաղ Մարսելում, հասարակական տրանսպորտը կաշխատի մինչև երեկոյան 9-ը: Մայրաքաղաքի մերձակա մի շարք բնակավայրերում պարետային ժամ է սահմանվել։

Ցուցարարները բողոքում են ոստիկանների անպատժելիության դեմ և պնդում, որ իրավապահ մարմինների բարեփոխման ծրագիրը ձախողվել է: Տղայի վրա կրակած ոստիկանն այժմ կալանքի տակ է՝ կանխամտածված սպանության կասկածանքով։

Ֆրանսիայի նախագահը երկրում զարգացումների ֆոնին լքել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովը և վերադարձել Ֆրանսիա՝ մասնակցելու անկարգությունների դեմ պայքարի հարցով աշխատանքային խմբի նիստին: Էմանուել Մակրոնը ափսոսանք է հայտնել 17-ամյա տղայի մահվան կապակցությամբ, միաժամանակ անընդունելի համարել այն փաստը, որ ոմանք տեղի ունեցածն օգտագործում են անկարգություններ իրականացնելու և պետական կառույցները թիրախավորելու նպատակով:

Ելիսեյան պալատի ղեկավարը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են սոցիալական ցանցերը, որոնց միջոցով պարբերաբար ագրեսիա է քարոզվում, և որոնց պատճառով երիտասարդները նույնիսկ իրական կյանքում իրենց համակարգչային խաղերի հերոս են զգում: Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունը պատրաստվում է աշխատել համապատասխան հարթակների հետ և հայտնաբերել այն օգտատերերին, որոնք սոցիալական ցանցերը բռնության քարոզի գործիք են դարձնում:

Ֆրանսիայում իրադարձությունների ֆոնին ցույցեր են անցել նաև Բրյուսելում, հաղորդվում է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԱՐԳԱԴՐԵԼ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԶՈՐՔԵՐԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ուկրաինայի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ և կարգադրել ուժեղացնել ուկրաինական զորքերը Բելառուսի ուղղությամբ: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Վոլոդիմիր Զելենսկիի կարգադրությունը կարող է կապված լինել Ռուսաստանում զինված ապստամբության փորձից հետո Բելառուսում «Վագների» ուժերի տեղակայման հետ:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ Կիևին անհանգստացնում է Բելառուսում «Վագներ»-ի տեղակայումը, ուստի ուշադիր հետևում են Ուկրաինային սահմանակից տարածքներում զարգացումներին:

ԱՄՆ-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՅՈՒՆԵՍԿՕ

ԱՄՆ-ը վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ: Համապատասխան բանաձևն ընդունվել է կազմակերպության գլխավոր համաժողովի արտահերթ նստաշրջանում՝ ձայների մեծամասնությամբ: Քվեարկել է 142 երկիր, դեմ է արտահայտվել 10-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը և Չինաստանը։

2011 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի կրթության, գիտության ​​և մշակութի հարցերով կազմակերպության ֆինանսավորումը, երբ Պաղեստինին մշտական ​​անդամի կարգավիճակ տրվեց: 2017 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշեց դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության համար»։ Ջո Բայդենի վարչակազմը վերանայեց այս որոշումը և անդամակցության վերականգնման հայտ ներկայացրեց` խոստանալով աստիճանաբար վճարել 2011 թվականից կուտակված շուրջ 620 միլիոն դոլարի պարտքը:

ԻՐԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ

Իրանում կանանց թույլ կտան ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին: Երկրի ներքին գործերի, Սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարարությունների, Ֆուտբոլի ֆեդերացիայի և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ կձևավորվի, ստադիոններում գնահատում կիրականացվի և կանանց համար տրիբունաներ կառանձնացվեն։

Իրանում ֆուտբոլային հանդիպումներին կանանց ներկայությունն արգելված էր 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում