Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելու փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում 1999-ի Ստամբուլյան գագաթնաժողովի պահին շրջանառվել է տարածքների փոխանակման փաստաթուղթ, որը և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքից անդին է: ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու» փաստաթղթին:

Ըստ վարչապետի՝ փաստաթուղթը մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն է։

Վարչապետը նաև մեջբերեց փաստաթղթի 5 հոդվածները, որոնցից մեկի համաձայն՝ նշվում է նաև Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու մասին։ 

«Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքը, Շուշիի շրջանը և Լաչինի շրջանը (1988 թվականի եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են ՀՀ-ին: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը՝ 1988-ի եղած սահմաններով (ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»,- ասաց նա:

Փաստաթղթի հոդվածներից մեկի համաձայն՝ Մեղրիի շրջանը «փոխանակումից հետո» պետք է բնակեցվի «հակամարտությունից տուժած» ադրբեջանցիներով:

Վարչապետը նաև նշեց, որ թեև փաստաթուղթը իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների և բանավեճերի արդյունքում, և նրանց ձևավորած բովանդակությունն այլևս ոչ մի տեղ չի կորչում։

«Այս փաստաթուղթն իրականում արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը։ Ճիշտ է՝ այն չի ընդունվել։ Ընդ որում՝ կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով»,- նշեց Փաշինյանը, ապա հավելեց, որ բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1999 թվականի օգոստոսից նոյեմբերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում