Որոնք են խաղաղության պայմանագրի շուրջ կողմերի տարաձայնությունները. փոխարտգործնախարարը մանրամասնում է

ԼԼիլիթ Ասատրյան

Ճանապարհների ապաշրջափակման հարցում Հայաստանի համար կարևոր է ամրագրել սկզբունքը, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե հիմնական տարաձայնությունն այն է՝ ինչպե՛ս պետք է ապահովվի այդ ճանապարհով անցնողների անվտանգությունը:

Վահան Կոստանյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից, խոսվում է ավելի շատ մոնիթորինգի ֆունկցիայի մասին, որը ռուսական ՖՍԲ-ն պետք է իրականացնի, այլ ոչ թե կոնկրետ վերահսկողություն, բայց ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են: 

Ռուսաստանը պատրաստվում է Կապանում հյուպատոսություն բացել: Հայաստանի փոխարտգործնախարարը վստահեցրեց՝ չնայած արագացված ռեժիմին, բոլոր ընթացակարգերը պահպանվելու են: Անդրադառնալով Ռուսաստանի շահագրգռվածության մասին փորձագիտական որոշ շրջանակների գնահատականին, թե նպատակը Սյունիքը պոկելն է, Կոստանյանն արձանագրեց.

- Սյունիքի մարզը, ինչպես ՀՀ մնացած մարզերը, ՀՀ սուվերեն տարածք է, և ՀՀ-ն թույլ չի տալու որևէ նման դեպք: 

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քննարկվող համաձայնագրին, տարաձայնությունները սկզբունքային հարցերի շուրջ են:

Այդ թվում՝ քարտեզի ֆիքսման, թե ո՛ր թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ հետ կապված, ցավոք սրտի, այս պահին դեռևս չկա համաձայնություն, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են: 

Պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումը չկայանալուց հետո Հայաստանի և Արցախի ուղղությամբ կրակոցներն ինտենսիվացել են, արդյոք դրանք դիվանագիտական մակարդակում նոր խնդիրների մասի՞ն են, վկայում Կոստանյանը նախ ընդգծեց.

Վահան Կոստանյան - Հանդիպումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել: Եվ այս պահին էլ ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված: Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին: 

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին անդրադառնալով էլ՝ ասաց, որ դրանք չեն նպաստում Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են խաղաղության և կայունության հաստատմամբ:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում