Պետք է գնահատենք ռազմական գործողությունները բացառելու ՀՀ-ի խիզախ ջանքերը. Բունդեսթագի պատգամավոր

ՌՌոզա Խաչատրյան

Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որևէ հարևան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում. Հայաստանում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Միխայել Ռոթ (Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) - Այսօր այստեղ եմ որպես Հայաստանի բարեկամ և իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Մեր այսօրվա այցը նաև Հայաստանին աջակցության խորհուրդ ունի: Այս բարդ տարածաշրջանում Հայաստանը թեև երիտասարդ ժողովրդավարական պետություն է, բայց նաև եվրոպական արժեքների և կայունության խարիսխ է, արժանի հարևան Եվրամիությանը և դրա արժեքները պաշտպանող երկիր:

Ռոթի խոսքով՝ Եվրոպայում գնահատում են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի ջանքերն ու պատրաստ են ամեն կերպ աջակցել: Գերմանիան նույնպես ներգրավված է բանակցություններում և հանձնառու է երկարատև խաղաղություն ապահովել Հայաստանի համար:

Միխայել Ռոթ - Պետք է բանակցությունները շարունակվեն, և պետք է ամեն պարագայում հասնել նրան, որ զենքերը լռեն: Պետք է մեծապես գնահատենք ՀՀ կառավարության իմաստուն և խիզախ ջանքերը՝ բացառելու որևէ ռազմական գործողություն՝ ի շահ տարածաշրջանի կայունության: ԼՂ հայերի՝ անվտանգ ապրելու իրավունքը կենտրոնական դեր պիտի ունենա բանակցություններում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոթը կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

Միխայել Ռոթ - Հորդորում եմ Ադրբեջանին հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Պետք է ապահովել ԼՂ հայերի տևական անվտանգությունը և բացառել էթնիկ զտումները: Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն Բաքվում պահվող ռազմագերիները և սահմանազատման գործընթացի ամփոփմամբ անվերապահորեն կճանաչվի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը:

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնմանն անդրադառնալով՝ գերմանացի պաշտոնյան հույս հայտնեց, որ Ադրբեջանում էլ նման առաքելություն կհիմնվի, քանի որ տարածաշրջանի կայունացումը միայն Հայաստանի խնդիրը չէ: Միխայել Ռոթն անդադարձել է նաև առաքելության հասցեին ՌԴ-ից հնչող քննադատությանը:

Միխայել Ռոթ - Պետք է արձանագրել, որ Ռուսաստանի ռեժիմը լքել է Հայաստանը: Այն դեպքում, երբ այստեղ ծանր զրահատեխնիկայով զինված ՌԴ ուժեր կան, մենք այստեղ ենք միանգամայն քաղաքացիական առաքելությամբ: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, որ հրավիրեց ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ մշտադիտարկում իրականացնելու այստեղ: Նաև ուրախ ենք փաստելու, որ առաքելությունն առաջիկայում կընդլայնի իր գործունեույթունը:

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանը եվրոպական պետություն է, և եթե ցանկություն հայտնի եվրոպական հանրության անդամ դառնալ, իրենք գործուն քայլերով կաջակցեն:

Միխայել Ռոթ - Ցանկանում ենք խորացնել Հայաստանի հետ թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները, այս համատեքստում կարևորում ենք վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է հնարավորինս արագ կայանա:

Միխայել Ռոթը Երևանում հանդիպումներ է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ կարևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացումը, քննարկումների առանցքում եղել են տարածաշրջանային խնդիրները: Բունդեսթագի պատգամավորը նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում