Փարիզում կրկին ցույցեր են

ԴԴիանա Գասպարյան

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

Եվրոպայի խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպության փորձագիտական խումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ապօրինի միգրանտների և ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման ուղղությամբ ակտիվ ջանքերի բացակայության կապակցությամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում տուժածներին իրավական օգնություն և փոխհատուցում տրամադրելու, նրանց մուտքը աշխատաշուկա ապահովելու համար։ Խումբը Բաքվին կոչ է արել կացարան տրամադրել թրաֆիքինգի զոհերին և պաշտպանել նրանց իրավունքները:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում թրաֆիքինգի զոհերի թիվն աճել է: Վերջին 5 տարում հայտնի է դարձել 472 զոհի մասին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի՝ երկրի ռազմական ներուժի զարգացման համար՝ հայտարարել է Հանրապետության ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։ Նրա խոսքով՝ 2023 թվականին պաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդմանը հավելյալ 650 միլիոն դոլար կուղղվի:

Այսպիսով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն կկազմի ավելի քան 3,5 միլիարդ դոլար։ Այլ մանրամասներ Շարիֆովը չի հայտնել։

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ

Ֆրանսիայի արհմիություններն այս տարի արդեն 14-րդ անգամ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով չեղարկել կենսաթոշակային փոփոխությունները, որոնց համաձայն` նախատեսվում է երկրում կենսաթոշակային նվազագույն տարիքը 62-ից դարձնել 64։ Փարիզում ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, որոշ թաղամասերում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ և անկարգություններ են գրանցվել:

ԶԼՄ-ների տվյալով՝ դժվարությունների են բախվել մայրաքաղաքի Օրլի օդանավակայանի ուղևորները, որտեղ չեղարկվել են մի շարք թռիչքներ։ Ակցիայի ընթացքում քաղաքացիների անվտանգությունն ապահովել է շուրջ 4000 իրավապահ: Ցույցեր են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքներում:

ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Հանրապետության հատուկ ծառայությունները պետական հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 30 անձի։

«Նրանք ծրագրում էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության ակցիաներ կազմակերպել՝ իշխանությունը զավթելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ իրավապահ մարմինների՝ հարցաքննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը: Հաղորդվում է, որ հեղաշրջման նախապատրաստման գործում ներգրավված անձանց ընդհանուր թիվը գերազանցում է հարյուրը:

ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՏԻՄ ՆՈՐ

Կոսովոյի իշխանությունները չեն բացառում, որ տարածաշրջանի սերբաբնակ հյուսիսային մունիցիպալիտետներում նոր ընտրություններ կարող են անցկացվել: Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի խոսքով՝ դա չի հակասում Հանրապետության օրենսդրությանը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Կոսովոյում Եվրամիության և ԱՄՆ-ի բանագնացների հետ հանդիպումից հետո, նշում են տեղական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում մի քանի քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել, և դրանց արդյունքում ալբանացի քաղաքապետներ էին ընտրվել։ Սերբ բնակչությունը ցույցեր էր կազմակերպել՝ պահանջելով չեղարկել քվեարկության արդյունքները: Բողոքի ակցիաների ընթացքում նաև բախումներ են եղել սերբ բնակիչների և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի միջև, երկու կողմից էլ կան տուժածներ: Օրերս դաշինքը Կոսովո լրացուցիչ ստորաբաժանում էր ուղարկել՝ իրավիճակը կարգավորելու նպատակով:

Երեկ, ԶԼՄ-ների տվյալով, ՆԱՏՕ-ի ուժերը հավաքել են ավելի վաղ Զվեչանի քաղաքապետարանի շուրջ տեղադրված փշալարերը, ինչը վկայում է, որ ցույցերը դադարել են և լարվածությունը թուլացել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում