Մենք Արևմուտքից ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու, փչացնելու ազդակներ չենք ստանում, չենք էլ ստացել. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ, ըստ էության, չի մատնանշում, իր պատկերացմամբ, ՀՀ տարածքը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ դա է «ֆունդամենտալ պրոբլեմը»: 

«Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»,- ասաց նա, ապա անդրադարձավ նաև իբրև թե Արևմուտքի միջնորդությամբ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու թեմային:

«Մենք Արևմուտքից ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու, փչացնելու ազդակներ չենք ստանում, չենք էլ ստացել, և չեմ էլ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի: Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին:

Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, և ոչ  մի մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ-ի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ:

Եկեք դիտարկենք նույն Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը: Չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը ՌԴ-ի պարտավորությունն է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ դրա մասին նախկինում ևս խոսել է, բայց դարձյալ ուզում է ընդգծել, որ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից հենց այդ պարտավորության խախտումն է:

«ՀՀ-ն եռակողմ հայտարարությունը ստորագրել է, այդ հայտարարության մեջ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եվ Լաչինի միջանցքի անցակետի ապօրինի տեղադրումն Ադրբեջանի կողմից հենց այդ պարտավորության խախտումն է, այսինքն՝ Ռուսաստանը պետք է պահի, պահեր միջանցքը իր վերահսկողության ներքո»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում