Կառավարության՝ մայիսի 18-ի նիստի օրակարգում ներառված է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծ: Կարգավորման արդյունքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներն ամրագրելու հիմք կստեղծվի։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք 18-23 տարեկան այն անձինք են, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Ելնելով վերոգրյալից՝ ներկայումս բարձրագույն ուսհաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչև 23 տարեկանը լրանալը, սակայն, հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու և վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը, երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցվում է, և քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից»։
Վերը նշվածից զատ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ներկայում չեն կարող նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվել անվճար հիմունքներով՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ համապատասխան կարգավորումների բացակայությունը։
Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած այն երեխայի անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, որը վերադարձել է զինծառայությունից: Կընդլայնվի նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի՝ անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, որն ևս առանց ծնողական խնամքի է մնացել: Անվճար կրթություն ստանալու հնարավորություն կտրվի նաև 23 տարեկանից հետո՝ մինչև ուսումնառության ավարտը։
Կապահովվի նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում։










