ԻԻՀ-ի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ TRIPP նախագիծը կարող է երկու գերտերությունների բախման առիթ դառնալ՝ հաշվի առնելով Թրամփի ուղու և Իրանի «կարմիր գծերի» մասին ԻԻՀ-ից հնչող հայտարարությունները:
«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ մշտական երկխոսության մեջ ենք, և TRIPP-ի հարցում էլ մութ անկյուններ չունենք»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ TRIPP-ի շրջանակում ռազմական ներկայությունը բացառված է:










