ՀԴՄ կտրոնների քանակը 10 ամսում աճել է 23 տոկոսով, իսկ հասույթները՝ 25 տոկոսով։ Բայց ավելի հետաքրքիր է անկանխիկի դինամիկան։ Անկանխիկ կտրոնների քանակի 60 տոկոսով աճ ունենք, հասույթների՝ 47 տոկոսով աճ։ Այսինքն՝ ակնհայտորեն երևում է, որ մինչ օրս իրականացրած բարեփոխումները, նաև քեշբեքի միջոցառումներն իրենց արդյունքը բերում են։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
ՊԵԿ նախագահը նաև ՀԴՄ շրջանառության հետ կապված թվեր հրապարակեց։
«ՀԴՄ շրջանառության մասով մոտավորապես 50 տոկոսին ենք հասել և անցել, այսինքն՝ կեսից ավելին անկանխիկ է տեղի ունենում, բայց եթե դրան գումարենք այլ հարթակներում իրականացվող առևտուրը, կարող է պարզվել՝ անկանխիկն ավելի մեծ է։ Բայց մանրածախում կեսն անցնում ենք արդեն»,- ասաց Հակոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ինչ ծավալի փոփոխության մասին է խոսքը. մի բան, որի մասին տարիներ առաջ խոսվում էր։
«Հաջորդ փուլում պետք է անենք այնպես, որ անկանխիկում նույնպես անտեսանելի տեղեր չմնան։ Պարզ է, որ սա իսկապես հաջողության պատմություն է, որն անպայման պետք է զարգացնել»,- ասաց Փաշինյանը։










