Ղարիբաշվիլին ողջունել է վիզային ռեժիմը չեղարկելու ՌԴ որոշումը

ՄՄերի Ներսիսյան

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿԻԵՎԻՆ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է Կիևին Storm Shadow թևավոր հրթիռների փոխանցումը: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ նախարարը նշել է, որ Ուկրաինան ունի պաշտպանվելու իրավունք, և հիմա հնարավոր չէ ձեռքերը ծալած նստել, երբ ռուսները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին: Նրա խոսքով` Storm Shadow հրթիռը թույլ կտա հեռու պահել ռուսներին ուկրաինական տարածքից:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Մեծ Բրիտանիան Storm Shadow մեծ հեռահարության թևավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային՝ ուկրաինական բանակին տալով մեծ հեռավորության վրա հարվածներ հասցնելու նոր հնարավորություններ: Storm Shadow-ի հեռահարությունը կազմում է մոտ 250 կմ:

Ռուսաստանի ղեկավարությունը բացասաբար է վերաբերվում Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին գործողության հեռահար շառավղով հրթիռներ մատակարարելու հնարավորությանը և պատրաստ է համարժեք արձագանքել դրանց: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա կպահանջի համարժեք պատասխան նաև մեր զինվորականների կողմից, որոնք ռազմական տեսանկյունից համապատասխան որոշումներ կկայացնեն դրա հիման վրա», - ասել է Պեսկովը։

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՆՋԵԻ ՈՐՈՇՄԱՆԸ

Անկարայում այսօր նախընտրական հանրահավաքի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջենի՝ նախագահի թեկնածությունը հանելու որոշմանը: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ լուրը տխրեցրել է իրեն: Սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ Ինջերն ուներ ընտրողների 2.2 տոկոսի աջակցությունը: Վերլուծաբանները կարծում են, որ Մուհարեմ Ինջենի հեռանալը կնպաստի «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայների ավելացմանը:

Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախագահի պաշտոնի համար արդեն պայքարում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և ազգայնական «Աթա» կուսակցության թեկնածու Սինան Օղանը:

ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է վիզաների չեղարկման և երկրների միջև թռիչքները վերսկսելու Մոսկվայի որոշումը։

«Մենք ունենք մեկ միլիոն էթնիկ վրացիներ, հայրենակիցներ Ռուսաստանում, նրանք այստեղ ունեն ընտանիքի անդամներ և հարազատներ: Իհարկե, շատ կարևոր է նրանց տեղաշարժը հեշտացնելը: Սա դրական որոշում է»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը:

Անդրադառնալով Արևմուտքի հնարավոր պատժամիջոցների ներքո թռիչքների վերսկսմանը՝ Ղարիբաշվիլին մատնանաշել է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի օրինակը։ Նա ընդգծել է, որ բոլոր այս պետություններն ուղիղ օդային կապեր ունեն Ռուսաստանի հետ։

Ավելի վաղ, ԵՄ-ն կոչ էր արել Վրաստանին՝ որպես միությանն անդամակցության թեկնածու, հետևել Ռուսաստան և հակառակ ուղղությամբ թռիչքների արգելքի հետ կապված Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներին: Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հիշեցրել է, որ պատժամիջոցներ կան սահմանված ռուսական ավիացիոն ոլորտի նկատմամբ: Նմանօրինակ կոչով հանդես էր եկել ԱՄն պետքարտուղարությունը:

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՍՆԻ ԻՐԵՆ ՎՆԱՍԵԼ ՓՈՐՁՈՂՆԵՐԻՆ. ՆԵԹԱՆՅԱՀՈՒ

Իսրայելը կհասնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն վնասել իրեն, զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նա հայտնել է, որ այսօր առավոտյան երկրի զինված ուժերին հաջողվել է թիրախավորել Գազայում «Իսլամական ջիհադի» հրթիռային համալիրի հրամանատարին, որից ժամեր անց՝ նրա տեղակալին: Նեթանյահուն այցելել է ռազմաբազա, ծանոթացել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգին, որն առաջին անգամ կիրառվել է Թել Ավիվի վրայով հրթիռ խոցելու համար։ Այսօր Իսրայելի պաշտպանության նախարարը օպերատիվ խորհրդակցության արդյունքներով զինվորականներին հանձնարարել է նախապատրաստվել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման դեմ իսրայելական գործողության ֆոնին գնդակոծությունների ինտենսիվության հնարավոր աճին:

«Իսլամական ջիհադ»-ի հրթիռային ուժերի հրամանատարի սպանությանն ի պատասխան՝ Գազայի հատվածից առավոտից սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Մայիսի 10-ին Իսրայելի ուղղությամբ արձակվել էր ավելի քան 400 հրթիռ: Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել լարվածությունը թուլացնելու կոչերով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում