Վստահության վերակառուցումը հստակ գործողություններ է պահանջում. Կոլոննայի ուղերձը՝ Բաքվում

ՄՄերի Ներսիսյան

ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ

Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ամփոփել է Բաքվի հանդիպումներն ու անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներին:

«Երկար, առարկայական զրույց եղավ նախագահ Ալիևի հետ։ Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և կոչ անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Վստահության վերակառուցումը հստակ գործողություններ է պահանջում»,- նշել է Կոլոննան:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը հայկական կողմին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել՝ նշելով, թե իբր Հայաստանը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ զենք է տեղափոխել:

Ադրբեջանի նախագահը դժգոհել է նաև, թե Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել: Ալիևն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը՝ նշելով, թե դա Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության արտահայտությունն է։

Կոլոննան հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին: Նա պնդել է, թե հայկական կողմը չի կատարում ստորագրված հայտարարություններով իր ստանձնած պարտավորությունները:

Նրա խոսքով՝ հայկական կողմը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողության իրականացնելու Բաքվի առաջարկից։ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատաստ է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը:

ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՊՈՒՏԻՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները տեսակապի միջոցով մասնակցել են թուրքական «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը։ Ատոմակայանը կառուցել է ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան։

Ավելի վաղ նախատեսված էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է մասնակցեր հանդիսավոր միջոցառմանը, որը կդառնար նրա նախընտրական քարոզարշավի ամենակարևոր քայլերից մեկը։ Սակայն Թուրքիայի նախագահը առողջական խնդիրների պատճառով արդեն մի քանի օր է` հետաձգել է բոլոր միջոցառումներն ու նախընտրական հանդիպումները:

Միջոցառմանը հեռավար ելույթի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան միանում է ատոմային էներգետիկա արտադրող երկրների ակումբին վաթսուն տարվա ուշացումով:

Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստ է բարեկամական աջակցության ձեռք մեկնել Թուրքիային, հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով` Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են էլ ավելի զարգացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները։ Թուրքիայում գազային հանգույցի գործարկմամբ Անկարայի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառությունը կշարունակի աճել, ընդգծել է Պուտինը:

Տեսակամուրջից առաջ Էրդողանը և Պուտինը նաև հեռախոսազրույց են ունեցել։ Երկու նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում զարգացումներին և հացահատիկային համաձայնագրի հարցին։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

ՆԱՏՕ-Ն ԿԻԵՎԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 1550 ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ ԵՎ 230 ՏԱՆԿ

ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային տրամադրել են գրեթե ողջ խոստացված ռազմատեխնիկան, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ուկրաինային խոստացված մարտական մեքենաների ավելի քան 98%-ն արդեն փոխանցվել է»,- ասել է նա Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարել են ընդհանուր առմամբ 1550 զրահամեքենա և 230 տանկ։ Ասուլիսի ընթացքում Ստոլտենբերգը ողջունել է Ուկրաինայի և Չինաստանի ղեկավարների հեռախոսազրույցը: Ստոլտենբերգը, սակայն, նշել է, որ այդ քայլը չի փոխում փաստը, որ Չինաստանը մինչև օրս չի դատապարտել Ռուսաստանի անօրինական ներխուժումն Ուկրաինա։

ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Սա Ուկրաինայի կառավարության ղեկավարի երկրորդ այցն է Վատիկան. առաջին անգամ Շմիգալը Վատիկան էր այցելել 2021 թվականի մարտի 25-ին։

Ուկրաինայի վարչապետը Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Ուկրաինա՝ քննարկելու խաղաղության հաստատման բանաձևը:

Վատիկանում հանդիպումից հետո՝ ասուլիսի շրջանակում, նա անդրադարձել է Չինաստանի և Ուկրաինայի ղեկավարների հեռախոսազրույցին՝ նշել, որ այն շատ արդյունավետ է եղել և կարող է դրական անդրադառնալ հետագա հարաբերությունների վրա։

Շմիգալը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Հռոմում են՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված երկկողմ խորհրդաժողովին:

ԻՐԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔԵԼ Է ՌԴ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՈՒՐԵՐԸ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է Wall Street Journal-ի հրապարակումն այն մասին, թե Իրանը զենք է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար: Նա նշել է, որ Իրանը դեմ է պատերազմին և աջակցում է Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հաստատմանը:

Քանանին հավելել է. «Մինչ պատերազմողներն ընտրել են բախումների ուղին և դրանից բխող ֆինանսական և քաղաքական օգուտները՝ շարունակաբար առաջադեմ զենք ուղարկելով Ուկրաինա, փակ պահելով բանակցությունների և խաղաղության ճանապարհը, նրանց հետ փոխկապակցված որոշ լրատվամիջոցներ հրապարակում են նման կեղծ լուրեր»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում