Տնտեսական քաղաքականության խորհուրդը քննարկել է առողջության ապահովագրության և հայտարարագրման հարցերը

ԱԱնժելիկա Ժամհարյան

2022 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ: Միջազգային կազմակերպությունների հրապարակումների համաձայն՝ մեր պետությունն այս ցուցանիշով աշխարհում 4-րդն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տեղեկությամբ է սկսել Տնտեսական քաղաքականության խորհրդի հերթական՝ երկրորդ նիստը՝ ամփոփելով նախորդ տարին:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2022 թվականին 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով և 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 1.8 դոլարով և 53 տոկոսով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, այդ թվում՝ մեր քաղաքական հանձնառությունների տեսակետից:

2022-ի դեկտեմբերին արձանագրվել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 704 հազար: Նույն տարվա արդյունքներով գործազրկությունը 13 տոկոս է, ինչը, վարչապետի խոսքով, վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է:

2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքները նույնպես քաջալերող են. շարունակում ենք գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ, առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է 10 տոկոսից, և նաև պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ ըստ էության կրկնապատկվել են, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ մի փոքր պակաս է՝ 92 տոկոսի չափով են ավելացել:

Եկամտահարկի վերադարձի ցուցանիշները այս վիճակագրության մեջ հաշվարկված չեն: Հակառակ դեպքում խոսքն ավելի մեծ բյուջետային եկամուտների մասին կլիներ՝ ընդգծել է վարչապետը:

Բայց այս դրական պատկերի հետ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, կան նաև զուտ տնտեսական բնույթի մարտահրավերներ: Կառավարության առաջնային խնդիրը նա համարել է հարկային եկամուտներն ավելի արդյունավետ հավաքագրելը և արդյունավետ ծախսելը:

Ցավոք, մենք չենք կարող ասել, օրինակ, որ կապիտալ ծախսերի հատվածում մենք հասել ենք մեր ակնկալած արդյունավետությանը:

Երկրի մարտահրավերները հաշվի առնելով՝ պետք է արձանագրել տնտեսության զարգացման անկյունաքարային դերը՝ ասել է վարչապետը:

Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի օրակարգում էին առողջության ապահովագրությանը և համընդհանուր հայտարարագրման համակարգին վերաբերող հարցեր: Փաշինյանի խոսքով՝ դրանք կարևոր են ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական և պետական ինստիտուտների կայացման առումով:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում