Հարավային Կովկասը՝ Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարների օրակարգում

ՄՄերի Ներսիսյան

Ադրբեջանի գլխավոր դիվանագետն Իսրայելում է: Առիթը երկու երկրի միջև 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում առաջին անգամ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն է: Ժամեր առաջ Ջեյհուն Բայրամովին ընդունել է Իսրայելի վարչապետը: Twitter-ի իր միկրոբլոգում Ադրբեջանում Իսրայելի դեսպանը լուսանկարներ է հրապարակել: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է Բայրամովին՝ դեսպանատան բացման կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել՝ ամրապնդելու երկկողմ գործակցությունը։

Բաքվի երախտագիտությունն էլ ավելի վաղ Բայրամովը հայտնել էր հրեական պետության արտգործնախարարին՝ նախորդ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողքին լինելու համար:

Թել Ավիվում Բայրամովը կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել, թե իբր Երևանը սադրանքների է դիմում և փորձում է խաթարել խաղաղության գործընթացը:

Ջեյհուն Բայրամով (Ադրբեջանի արտգործնախարար) - Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա: Այն պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։

ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Հանդիպման արդյունքներով Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը հայտնել է մոտ ժամանակներս Ադրբեջան այցելելու մտադրության մասին:

«Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա օրերին մեծ տնտեսական պատվիրակությամբ Ադրբեջան սպասվող այցին»,- ասել է նա։

Արտգործնախարարները բանակցությունների ընթացքում չեն շրջանցել նաև Իրանի գործոնը:

ԻՐԱՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ՔՈՀԵՆ

Էլի Քոհեն (Իսրայելի արտգործնախարար) - Իրանը ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի ու Իսրայելի համար: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ: Չպետք է թույլ տանք, որ Իրանն ընդլայնի իր միջուկային ներուժը:

Իսրայելի նախարարը նաև նշել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

ԼԱՎՐՈՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԹԵՀՐԱՆ-ԲԱՔՈՒ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ

Մինչ կհնչի Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմանն ու հակաիրանական հայտարարություններին Թեհրանի արձագանքը, Մոսկվայում Թեհրան-Բաքու ակնառու դարձած լարվածությանն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարն՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ այն երկար չի շարունակվի:

Սերգեյ Լավրով (ՌԴ արտգործնախարար) - Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի։ Դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում:

«Մենք պատրաստ ենք օգնելու մեր ընկերներին առկա խնդիրների լուծման գործում»,- շեշտել է Լավրովը։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Դիվանագետների հանդիպման օրակարգում նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է եղել: Իրանի արտգործնախարարն առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել Կովկասում ընթացող զարգացումներին, քանի որ, նրա խոսքով, տարածաշրջանում լարվածության մեծացումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից, իսկ անվտանգության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը:

Աբդոլլահիանի համոզմամբ՝ տարածաշրջանում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխություններն էլ ավեի կբարդացնեն իրավիճակը:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան (Իրանի արտգործնախարար) - Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաև առկա մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերն այս տարածաշրջանում: Պետք է շարժվել երկխոսության և խնդիրների քաղաքական կարգավորման ճանապարհով: Բոլոր կողմերը պետք է շարժվեն հենց այս ճանապարհով:

Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թեհրանում տվյալ ձևաչափով նոր հանդիպման անցկացման հնարավորությունը։ Լավրովը և Աբդոլլահիանն արձանագրել են նաև, որ օրակարգում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հարցը: Կողմերը պայմանավորվել են առաջ մղել համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացը, ինչպես նաև համաձայնության են եկել երկու երկրի քաղաքացիների տեղաշարժի ընթացակարգերի պարզեցման շուրջ։

Աբդոլլահիանն ընդգծել է նաև Ռուսաստանի ջանքերը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էլ նշել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։

«Աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ը վերադառնա գործարքով ստանձնած իր պարտավորություններին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում