Նոր սադրանքները բացառված չեն. Ստեփանակերտը մերժում է Ադրբեջանի ինտեգրացիոն քաղաքականությունը

ՆՆարեկ Սահակյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների՝ հումանիտար, տեխնիկական և ենթակառուցվածքային հարցերի երկրորդ քննարկմանը ադրբեջանական կողմը փորձել է նաև քաղաքական հարցեր քննարկել՝ օգտագործելով ինտեգրացիա բառը. Անվտանգության խորհրդի նիստում Արցախի նախագահը ներկայացրել է վերջին զարգացումները:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Մեր պատվիրակության ղեկավարը՝ պարոն Շահրամանյանը, կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր:

Բաքուն Ստեփանակերտի հետ բանակցությունների ընթացքում նոր պայմաններ է առաջադրում:

Արայիկ Հարությունյան - Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է Ստեփանակերտին, որ կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

«Արցախը շարունակելու է ինքնորոշման համար պայքարը»,- հայտարարել է նախագահ Հարությունյանն ու նշել՝ դա կարող է բերել նոր զարգացումների, բայց այլ ճանապարհ արցախցիները չունեն:

Արայիկ Հարությունյան - Մենք չենք ընդունել, չենք ընդունում, և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք:

Անդրադառնալով Շուշիի շրջանում մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությանն ու ոստիկանների ողբերգական դեպքին՝ Արցախի նախագահը նշել է՝ նոր սադրանքներն առաջիկայում բացառված չեն:

Արայիկ Հարությունյան - Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք, և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով: Բոլոր սցենարները պետք է հաշվարկենք:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ եթե կլինեն հանրային մտահոգություններ, թե պետք է ընդունել Ադրբեջանի ներկայացրած առաջարկը, ապա քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց իրավունքների շրջանակում բարձրաձայնել դրանք:

Արայիկ Հարությունյան - Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ:

Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի անդամներն ու նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են զոհված ոստիկանների հիշատակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում