Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

ԴԴիանա Գասպարյան

Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, Բաքվում հայտարարել է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Հայաստանում է գտնվում մեր առաքելությունը, շփվում ենք հայ գործընկերների հետ` անվտանգության չափանիշների պահպանման նպատակով»,- նշել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության և խաղաղության թեմային՝ Գրոսին նշել է, որ Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությունն աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ:

«Դժվար ժամանակներում շատ կարևոր է, որ դիվանագիտական խողովակները գործեն»,- ասել է պաշտոնյան՝ շեշտելով բոլոր ջանքերի կարևորությունը:

ԲԼԻՆՔԵՆԸ ԵՎ ԼԱՎՐՈՎԸ ԿԱՐՃ ԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Նյու Դելիում Մեծ Քսանյակի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարճ զրույց է ունեցել Լավրովի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Reuters գործակալությունը գրում է, որ պետքարտուղարը Լավրովին կոչ է արել չեղարկել Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու որոշումը, դադարեցնել պատերազմը և սկսել դիվանագիտական երկխոսությունը: Լրատվականի տվյալով՝ դիվանագետների զրույցը տևել է մոտ 10 րոպե: Սա 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Լավրովի և Բլինքենի առաջին անձնական շփումն է:

ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է G20-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԸ

Նյու Դելիում ավարտվել է G20-ի արտաքին քաղաքական դիվանագետների երկօրյա նիստը: Քսանյակը ամփոփիչ փաստաթուղթ է հրապարակել՝ հանդես գալով աշխարհում բազմակողմ և թափանցիկ կառավարման օգտին:

Նշվում է, որ 20-ի խմբին հաջողվել է համաձայնության գալ նիստի շրջանակում քննարկված գրեթե բոլոր, մասնավորապես՝ կորոնավիրուսի, մատակարարման շղթաների փխրունության, կլիմայի փոփոխության և այլ հարցերի շուրջ:

Ուկրաինային վերաբերող երկու կետի չեն աջակցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները: Այդ դրույթները մատնանշում են համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության բացասական ազդեցությունը, դատապարտում ռազմական գործողությունները և շեշտում միջուկային զենքի օգտագործման կամ օգտագործման սպառնալիքի անթույլատրելիությունը:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՐՑԸ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը», որը կազմված է 6 կուսակցությունից, նախագահի միասնական թեկնածուի անունը կհայտարարի մինչև մարտի վերջ՝ տեղեկացրել է Ժողովրդահանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էրդալ Աքսյունգերը:
Նրա խոսքով՝ հիմնական թեկնածուն Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն է, քննարկվում են նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի առաջադրման տարբերակները:

Ավելի վաղ Էրդողանը հաստատել էր, որ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը դեռ չի հաստատել այս ամսաթիվը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ստամբուլի դատարանը Իմամօղլուին դատապարտել էր 2 տարի 7 ամիս ազատազրկման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար:

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Իրավական հարցերով եվրոպացի փորձագետների խումբը խնդրել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին հետաքննություն անցկացնել և ուսումնասիրել իրենց հավաքագրած փաստերն այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը հետապնդում է իր ընդդիմախոսներին։ Փորձագետների ձեռքին վկայություններ են հայտնվել Թուրքիայի իշխանությունների հովանավորած խոշտանգումների, առևանգումների և մոտ 200.000 մարդու ապօրինի ազատազրկման մասին: Փաթեթը մարտի 1-ին փոխանցվել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին:

ՄՈԼԴՈՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԿԿՈՉՎԻ ՌՈՒՄԻՆԵՐԵՆ

Մոլդովայում այսուհետ պետական լեզուն կկոչվի ռումիներեն: Ըստ իշխանությունների՝ տեղի է ունենում ոչ թե պետական լեզվի, այլ ընդամենը անվանման փոփոխություն: Համապատասխան օրինագիծը հաստատվել է առաջին ընթերցմամբ։

Օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր բլոկի պատգամավորները փակել են ամբիոնը, բարձրացրել «Մոլդովա, մոլդովացիներ, մոլդովերեն» և «Մի՛ ծաղրեք Սահմանադրությունը» գրություններով պաստառներ։ Օրինագծի հեղինակների և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել:

Մի շարք լեզվաբանների համոզմամբ՝ մոլդովերենը ռումիներենի ճյուղ է: Մոլդովայի գիտությունների ակադեմիան նույնպես նշում է, որ լեզվի ճիշտ անվանումը «ռումիներենն» է։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՃ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Վրաստանի խորհրդարանում նույնպես լարված է եղել: Պատգամավորների միջև վեճ է բռնկվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի պատճառով: Ընդդիմադիր որոշ պատգամավորներ փորձել են տապալել օրինագծի քննարկումը, նրանց նկատմամբ ուժ են կիրառել դահլիճից դուրս բերելու համար, ինչից հետո էլ ծեծկռտուք է սկսվել։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժումը: Դրա համաձայն՝ առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից: Իշխող կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է սատարել նախաձեռնությանը։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները պնդել են որ այս օրինագիծը Վրաստանը շեղում է եվրաինտեգրման ճանապարհից: Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը օրինագծի վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել նաև Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և միության անդամ երկրների մի շարք դեսպաններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում