Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՄՄերի Ներսիսյան

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական թեմաների։ Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու ղեկավարները կշարունակեն իրականացնել համատեղ նախագծեր և համակարգել ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր հարցերի շուրջ։

ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև անցած տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի մեկամյակին ընդառաջ այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն մեկնում է Բաքու: Նրան կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Երկօրյա այցի ընթացքում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստին: Լավրովի երկօրյա այցի ընթացքում նախատեսված հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներ, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱԿ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Այսօր Ժնևում մեկնարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանը, այն կտևի վեց շաբաթ: Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայում իրականացված պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը։ Կանխատեսումներ կան, որ նստաշրջանի գլխավոր թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձև, որով կոչ էր արվում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից: Նստաշրջանի ընթացքում ելույթ կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ավելի քան 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այս շաբաթ սպասվում է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի ելույթը։

100 ՏԱՐԻ ՌԴ-Ի ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ. ՇՄԻԳԱԼ

Առաջիկա հարյուր տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս՝ համագործակցություն չի լինի՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետը: Դենիս Շմիգալի խոսքով՝ Ռուսաստանը նախ պետք է փոխվի, ժողովրդավարացվի, ապառազմականացվի և ապամիջուկայնացվի: Որպես Ռուսաստանի զինաթափման տարբերակ Ուկրաինայի վարչապետը մատնանշել է պատժամիջոցները, Ռուսաստանի հետ համագործակցության բացակայությունը, ռուսական ակտիվների բռնագրավումը, ռազմական օգնությունը Ուկրաինային:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԻԵՎ

Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր առաջին անգամ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Կիև։ Երեկ Ուկրաինայի նախագահը հանդիպել է արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հանդիպումը «նոր ազդակ կհաղորդի փոխշահավետ երկխոսության հետագա ինտենսիվացմանը»։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունն Ուկրաինային: Նախորդ տարվա հոկտեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ 400 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային, և հայտնեց թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդական ջանքերը և աջակցել այն ամենին, ինչը նպաստում է լարվածության թուլացմանը: Հանդիպումից հետո Ուկրաինայի գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ Զելենսկու գրասենյակը երկու փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության փաթեթի մասին՝ 100 մլն դոլար որպես հումանիտար օգնության և 300 մլն դոլարի օգնությունը՝ նավթամթերքի տեսքով։

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ

Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքով՝ իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից, որ ամերիկյան կողմը ցանկանում է շարունակել Թեհրանի հետ տարաձայնությունների կարգավորումը, որոնք խոչընդոտում են միջուկային գործարքի վերականգնումը: Իրանի գլխավոր դիվանագետը կարևորել է դիվանագիտական երկխոսությունը և Վիեննայի բանակցությունների շրջանակներում մտքերի փոխանակման պատրաստակամություն է հայտնել: Իրանի արտգործնախարարը նշել է, որ հնարավոր է համարում միջուկային գործարքի վերականգնումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում