Մոսկվան Լաչինի միջանցքի ամբողջական վերագործարկման ուղիներ է փնտրում. Զախարովա

ԴԴիանա Գասպարյան

Ռուսական կողմը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավատացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբը արտաքին գործերի նախարարության հետ սերտ գործակցությամբ եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Երևանի և Բաքվի հետ երկխոսելով` մենք շարունակում ենք փոխընդունելի լուծումներ փնտրել, որոնք կօգնեին ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքի գործարկումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան, և բարելավել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ անկախ տարածաշրջանում առկա լարվածությունից՝ բանակցային գործընթացների սառեցումը անարդյունավետ է և հեռացնում է տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը:

Մարիա Զախարովա - Կոչ ենք անում Երևանի և Բաքվի մեր գործընկերներին արագ վերսկսել համատեղ աշխատանքները երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով:

Զախարովան նշել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններ անցկացնելու հարցում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ նաև տեղեկացրել է, որ Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ակնկալվում է, որ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Մարիա Զախարովա - Այցի շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Այդ փաստաթղթերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենակարևոր տարրերն են։

Մարիա Զախարովան շեշտել է՝ երեք երկրի ղեկավարների պայմանավորվածությունները կոչված են նպաստելու Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելու գործընթացին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում