ՄԱԿ-ի մանդատակիրների նամակը Բաքուն կրկին անտեսում է. ՀՀ ԱԳՆ արձագանքը

ՄՄուշեղ Իսախանյան

Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները պետք է արժանանան պատշաճ միջազգային հետաքննության, մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ, «Արմենպրեսին» ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ անդրադառնալով 2022-ի նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի մանդատակիրների` Ադրբեջանին ուղղված նամակին: Այս տարվա հունվարի 27-ին, Բաքվից արձագանք չստանալով, նամակը մանդատակիրները հրապարակել են: Դրանից պարզ է դառնում, որ նրանք Բաքվից բացատրություն են պահանջել Հայաստանի դեմ հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) - Կհիշեք, որ միջազգային հանրության զայրույթը մեղմելու և ուշադրությունը շեղելու նպատակով Ադրբեջանը անցած տարվա աշնանը հայտարարեց իր ԶՈՒ կատարած պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին: Ինչպես ցույց է տալիս ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակի անտեսումը, այդ այսպես կոչված հետաքննությունը ընդամենը կեղծիք էր՝ խնդիրը կոծկելու նպատակով:

Հունանյանը հիշեցրել է նաև, որ ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին:

Վահան Հունանյան - Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը, լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը ստորագրած կողմ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները և չի գործակցում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները՝ հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները:

Նման պարագայում միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար, նշել է ԱԳՆ խոսնակը:

Վահան Հունանյան - Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը որդեգրել է քաղաքականություն` ՄԱԿ-ի կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով վերջիններիս ստիպելու չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը և ավելին, նույնիսկ վերախմբագրել ՄԱԿ-ի նախկինում արված հայտարարությունները: Այս ամենին ականատես ենք լինում Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շրջափակման մեջ պահելու վերաբերյալ հայտարարությունների համատեքստում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահ են, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները և հատկապես մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը կառույցի կանոնադրության ոգուն և տառին համապատասխան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում