ԼՂ-ի համար ապահովել օդային կամրջով ապրանքների հասանելիություն. քննարկում Եվրախորհրդարանում

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ կանխելով հումանիտար աղետը,- Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պահանջն է: «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարն ընդգծել է՝ 120 հազար հայ զրկված է հիմնական ապրանքներից ու ծառայություններից, իսկ Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները հարիր չեն Եվրամիության գործընկեր համարվող պետությանը:

Մարինա Կալյուրանդ (Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար) - Այս հայտարարությունները և անգործությունը պատեհ չեն մի պետության համար, որն իրեն համարում է Եվրամիության հուսալի գործընկեր: Ադրբեջանական կողմին կոչ եմ անում հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումն ու մարդասիրական ճգնաժամը, ապահովել միջազգային կազմակերպությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, որով կերաշխավորվեն բոլոր իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչության համար:

Մարինա Կալյուրանդը հայտարարել է՝ Ադրբեջանի պաշտոնյաներն իր դեմ «վհուկների որս» են սկսել, սակայն դրանով չեն կարող ահաբեկել կամ լռեցնել:

Մարինա Կալյուրանդ - Ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում: Դուք ցածրից էլ ներքև եք իջել, բայց ես ցածր չեմ իջնի:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են մարդասիրական աղետը կանխելու համար օդային միջանցքի ստեղծման կարևորությունը: Արձանագրել՝ Ադրբեջանն իր գործողություններով խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունն ու բացառում է համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությունը:

Մարտինա Միխելս (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Գերմանիա)) - Մարդիկ սոված են և մրսում են Լեռնային Ղարաբաղում: Նրանց օդային կամուրջ է պետք Եվրամիության կամ Ռուսաստանի միջոցով: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ պետք է կանխել այս աղետը:

Էմանուիլ Ֆրագկոս (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր,Հունաստան) - Եթե լինում է բնական աղետ` հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, լինում է արձագանք, բայց մենք տեսնում ենք` ինչպիսի խոշտանգման են ենթարկվում հարյուր հազարավոր մարդիկ: Հայերը Լեռնային Ղարաբաղում երեք տարբերակ ունեն` հրաժարվել իրենց ինքնությունից, հեռանալ կամ այն նույն ճակատագրին արժանանալ, ինչ 1915-ին Թուրքիայում եղավ հայերի նկատմամբ: Օդային կամրջով հայերին փրկելը նվազագույնն է, որ մենք պիտի անենք ու պիտի անենք մինչև շաբաթվա ավարտը:

Ֆաբիո Մասիմո Կաստալդո (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Իտալիա) - Պետք է ապահովենք այդ բնակչության համար առաքումների հասանելիությունն օդային կամրջով: Եթե Բաքուն դա չապահովի, պետք է պատրաստ լինենք կտրուկ համարժեք պատժամիջոցներ ընդունել ոճրագործության մեղավորների նկատմամբ: Սննդի հասանելիությունը խոչընդոտելը պատերազմական հանցագործություն է:

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն էթնիկ զտում է՝ նշել է Նատալի Լուազոն: Պատգամավորն իր գործընկերների հետ Բաքվին կոչ է արել համաձայնել, որ Լաչինի միջանցքում Եվրոպական դիտորդական առաքելություն մուտք գործի:

Նատալի Լուազո (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա) - Մենք՝ եվրոպացիներս, ի՞նչ ենք անում: Ոչի՛նչ: Ավելի վատ, քան ոչինչ: Ցավալի հայտարարություն է արվել հատուկ ներկայացուցչի կողմից, որում նա հավաստիացումներ է տալիս Բաքվին, թե դիտորդները ոչինչ չունեն անելու Լաչինի միջանցքի կապակցությամբ: Ես ամաչում եմ հանձնաժողովի նախագահի համար, որը մարդասիրական աղետ դիտավորյալ կազմակերպած երկրին անվանում է հուսալի բարեկամ:

Բերտ-Յան Ռայսեն (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Նիդերլանդներ) - Մենք պետք է ավելի շատ եվրոպացի դիտորդների ուղարկենք, ավելի շատ ճնշում գործադրենք Բաքվի կառավարության նկատմամբ և պնդենք, պահանջենք, որ պետք է լարվածությունը նվազեցվի, ու խաղաղության բանակցություններ պետք է ծավալվեն:

Կլեմեն Գրոշել (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Սլովենիա) - Ադրբեջանը պետք է անմիջապես վերաբացի Լաչինի միջանցքը, ազատ արձակի բոլոր գերիներին և դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Միջազգային համայնքը պետք է բանակցի, որ ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահներով՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո:

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով քննարկման ավարտին Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատարը նշել է՝ Եվրամիությունը ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում զարգացումներին: Վերահաստատել՝ Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ու անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում