Ամենակարևոր հարցը, որ այդ փաստաթղթում ներառված չի եղել, որն էլ պատճառ է հանդիսացել ՀՀ վարչապետի կողմից այդ փաստաթուղթը չստորագրելուն, այն է, որ գնահատական չի տրվել փաստական հանգամանքներին, այսինքն՝ Ադրբեջանի օկուպացիոն գործողություններին գնահատական չի տրվել, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները. դրանից պետք է բխեն մյուս գործողությունները և գնահատականները: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ նիստի ընթացքում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագծին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ստորագրելուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելուն, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Եթե դա չի արվել, հետևաբար, միանշանակ է, որ մնացած այլ քննարկումները և ինչ-որ բաների համաձայնելը տեղին չեն: Դրան պետք է հետևեր մի շարք մեխանիզմների գործարկում՝ սկսած ռազմաքաղաքականից մինչև ռազմական և այլ օգնությունների տրամադրում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ վստահություն չունի, թե ՀԱՊԿ-ը պատրաստվում էր օգնություն տրամադրել զենքի տեսքով:
«Մենք, իհարկե, զենքի անհրաժեշտություն շատ ունենք, և այս ուղղությամբ Հայաստանի Կառավարությունը բավական գործուն քայլեր է կատարում, այդ թվում՝ նաև ՌԴ-ի հետ»,- նշեց պատգամավորը:













