Կամավոր ատեստավորման ինստիտուտը պետք է մտնի նաև ԱԻՆ համակարգ. վարչապետ

ԱԱնուշ Մուրադյան

Սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման շրջանակում իրականացվել են քարտեզների թվայնացում, սեյսմիկ ռիսկի հաշվարկ, արդիականացվել են Կարբիում և Արուճում գործող GPS կայանները: Իրականացվել են տարհանման վարժանքներ, որին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: Վարչապետին ԱԻՆ գործունեության կատարողականն է ներկայացվել:

Պատասխանատուներն անդրադարձել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում իրականացված փորձաքննություններին: Նշել են, որ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը իրականացրել է ավելի քան 400 վերելակի շահագործման փորձաքննություն:

Շտապ բուժօգնության ծառայության, Ոստիկանության և ԱԻՆ-ի համար ստեղծվել է զանգերի միասնական կենտրոն: Նշել են, որ մեկ միասնական հեռախոսահամարը կներդրվի առաջիկայում:

Մշակվել է Հրագործական արտադրատեսակների պահեստների շահագործման տեխնիկական կանոնների մասին օրենսդրական նախագիծը, որի նպատակն է հրագործական նյութերի ոլորտի կարգավորումը, արտադրական վտանգավոր օբյեկտների համապատասխանեցումն անվտանգության պահանջներին:

Ներկայացվել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը, որով սահմանված են 21 նպատակ և 35 միջոցառում: Ակնկալվում է իրականացնել բնակչության պաշտպանության պլանավորում, բնակչության վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի, մշտադիտարկման համակարգի ներդրում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում միջազգային փորձի հիման վրա: Ռազմավարությունը կընդունվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

2022-ին վերապատրաստման ծրագրեր ևս իրականացվել են միջազգային գործընկերների, նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ:

Զեկուցվել է, որ այս տարի հանրապետությունում վերագործարկվել և տեղադրվել է 1000-ից ավելի շչակ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետն անդրադարձել է ապաստարանների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանելիությանը, Փրկարար ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը:

Փաշինյանը շեշտել է, որ կամավոր ատեստավորման ինստիտուտը պետք է մտնի նաև այս համակարգ: Ըստ վարչապետի՝ պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտների Փրկարար ծառայություն ունենալու խնդիր դնել, որն աշխատավարձի չափով և սոցիալական երաշխիքներով կամրագրվի:

Վարչապետը ծանոթացել է Փրկարար ծառայության տեխնիկական կարիքներին, ենթակառուցվածքների հագեցվածությանը և ընդգծել զարգացման ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում