Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են 60-ական գերու

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԴՐԲԵՋԱՆ-ԱՄՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Ամերիկյան The Washington Post օրաթերթն անդրադարձել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը:

Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանության՝ 2009թ. գաղտնի դիվանագիտական հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրվել է որպես Մայքլ և Սոնի Կոռլեոնեների «խառնուրդ»: Ըստ տեղակագրի՝ Ալիևի նպատակն այնպիսի քաղաքական միջավայրի ստեղծումն է, որտեղ նրա դինաստիան հարցականի տակ չի դրվում:

«Ավելի ուշ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց փոխնախագահ։ Երկուսն էլ մնում են իրենց պաշտոններում»,- նշել է պարբերականը և շարունակել. «Մի կողմ թողնելով Ադրբեջանում նման կոռուպցիայի մշակույթի հետ կապված մտավախությունները՝ Պենտագոնի պաշտոնյաներն Ալիևին համոզել են բացել երկրի սահմաններն ու օդային տարածքը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման կարևորագույն ուղիների համար»։

Ըստ պարբերականի՝ փոխարենն ամերիկացի ապաշտոնյաները խոստացել են ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիևի հետ և 369 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրեր են փոխանցել Silk Way Airlines ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ամերիկացիների կարծիքով, վերահսկում էր Ադրբեջանի կառավարությունը:

Հոդվածում նշվում է Ադրբեջանի հետ գործարքի պատասխանատու երկու գեներալի անուն՝ Դունկան ՄըքՆաբ և Ուիլիամ Ֆրեզեր Երրորդ: Հոդվածի հեղինակի խոսքով՝ ՄըքՆաբը 2011թ. զինվորական ծառայությունից թոշակի անցնելուց հետո աշխատանքի է ընդունվել Silk Way Airlines ավիաընկերությունում և ստացել ամսական 10000 դոլար՝ մեկ ամսվա ընթացքում աշխատելով մի քանի օր: Նա նաև երեք ամիսը մեկ անգամ եղել է Բաքվում՝ ավիաընկերությանը խորհրդատվություն մատուցելու համար:

Ֆեյզերը, թոշակի անցնելով 2014թ., նույնպես պայմանագիր է կնքել միևնույն ավիաընկերության հետ՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվելով օրական 5000 դոլար: Ըստ ԱՄՆ կանոնակարգի՝ պաշտոնաթող զինվորականները պետք է ստանան այլ երկրներում աշխատանքի դաշնային թույտվություն, եթե հրավիրող ընկերությունը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է որևէ երկրի կառավարությանը: ՄըքՆաբը նման թույտվության համար չի դիմել՝ հիմնավորելով, որ ադրբեջանական ընկերությունը չի պատկանում կառավարությանը: Սակայն Ֆեյզերն աշխատանքի անցնելուց առաջ ստացել է դաշնային թույլտվություն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ նշվում է նաև Իլհամ Ալիևի դուստրերից մեկի անունը՝ պաշտոնաթող գեներալը պատասխանել է, որ դա պարզապես լրատվամիջոցների վարկածներից մեկն է:

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՆԱՎԹ ԿԱՐՏԱՀԱՆԻ՝ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՌԴ-Ն

Ադրբեջանցի պատգամավոր Վուգար Բայրամովը տեղեկացրել է, որ հաջորդ ամսից Ղազախստանը կսկսի նավթ արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանը:

«Թյուրքական երկրները մեծացնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Հաջորդ ամսից Ղազախստանը նավթ կարտահանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Ակնկալվում է, որ Վրաստանի սևծովյան ափ տարեկան կարտահանվի 1,5 մլն տոննա նավթ և լրացուցիչ 3,5 մլն տոննա նավթ»,- գրել է նա Twitter-ում:

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ

Թուրքիան պատրաստ է բարձրացնել Էգեյան կղզիների ինքնիշխանության հարցը, եթե Հունաստանը չդադարեցնի «սադրիչ գործողությունները», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Կա՛մ Հունաստանը հետքայլ է անում և կատարում է համաձայնագրերի պայմանները, կա՛մ մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Մենք չենք կարող լռել»,- սպառնացել է Չավուշօղլուն:

Անկարայում կարծում են, որ Հունաստանի կողմից զինծառայողների և սպառազինությունների տեղափոխումը և կղզիներում զորավարժությունները միջազգային օրենսդրության խախտում են։

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԵՆ. ԱՔԱՐ

Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում հետևել է «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական զորավարժությանը: Հուլուսի Աքարը վարժանքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական երկրներ են: Նրա խոսքով՝ ցանկացած սպառնալիքի և վտանգի դեպքում, տխրության և ուրախության ժամանակ երկու երկրները միասնական են, ինչին աշխարհն ականատես եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Ամբողջ աշխարհին ցույց ենք տվել թյուրքի հզորությունը»,- շեշտել է նա:

Հուլուսի Աքարի խոսքով՝ ԵՄ գլխավորությամբ բազմաթիվ միջազգային կառույցներ սկսել են պատվիրակություններ ուղարկել տարածաշրջան՝ Հայաստանին պաշտպանելու համար: Նա նախազգուշացրել է՝ Թուրքիան Ադրբեջանի կողքին է:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ մեկ բանակ, մեկ բռունցք կարող ենք լինել: Անկախ նրանից, թե Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ սպառնալիքը որտեղից և ումից է գալիս, մենք կընդունենք, որ այն ուղղված է երկու երկրի դեմ էլ: Մեր բարեկամին որպես բարեկամ կընդունենք, թշնամուն էլ՝ որպես թշնամի»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԳԵՐԻՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական կողմից 60 ռուս զինծառայողների վերադարձի մասին։ Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը տեղեկացրել է, որ ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել «60-ը 60-ի դիմաց» սկզբունքով: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ևս հաստատել է այդ տեղեկությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում