Հայաստանը հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին. ՀՀ վարչապետ

ՎՎարդան Հովսեփյան

Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչն է դիմավորել:

Ժամեր անց, արդեն բուն միջոցառումից առաջ, վերջին 4 տարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետին հյուրընկալող երկրի՝ Թունիսի նախագահ Կայիս Սաիդն ու կառույցի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն են դիմավորել:

Այնուհետև հաջորդել է գագաթնաժողովի մասնակիցների ավանդական տեսալուսանկարահանումը:

Գագաթնաժողովը մեկնարկել է Թունիսի նախագահի ելույթով, որից անմիջապես հետո խոսքը փոխանցվել է Հայաստանի վարչապետին:

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Վարչապետն ամփոփել է վերջին 4 տարիներին կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը, ապա անդրադարձել համաշխարհային մարտահրավերներին:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Վերջին տարիներին աշխարհը մեծ ցնցումների է ենթարկվել: Կորոնավիրուսի սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշխարհային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա լուրջ հետք են թողել։

Վարչապետն արձանագրել է՝ վերջին շրջանում խախտվում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդկերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը. այս տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան այդ իրողության վառ դրսևորումն է,- շեշտել է Հայաստանի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռ վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:

Երևանն ակնկալում է, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր Հայաստանում տիրող իրավիճակին՝ դատապարտելով մեր տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյան - Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Վարչապետ Փաշինյանը նաև ընդգծել է ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որն այս լեզվի վերաբերյալ նշանակալի փաստաթուղթ պետք է դառնա։ Բացի դրանից՝ կազմակերպությունն այժմ աշխատում է Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյան - Հայաստանը համոզված է, որ այս համընդհանուր ձգտումը թույլ կտա միջազգային մակարդակով ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է հավատարիմ լինել։

Ելույթից հետո Հայաստանի վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղմման խորհրդանշական արարողությամբ տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում