Խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին զարգացումների համատեքստում հավանական  համարո՞ւմ է իր ցանկության իրագործումը, ըստ որի՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր պիտի կնքվեր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին արձագանքեց. «Մենք, համենայնդեպս, դրա համար ամեն ինչ կանենք»:

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ գլխագրային խոսակցությունից անցում կատարվի բուն տեքստին, այսինքն` բովանդակային խոսակցության:

«Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ՝ կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը: Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք, բայց ես էլի եմ ուզում ասել, որ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:

«Ասում ենք` տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, իսկ Ադրբեջանը մյուս կողմից ասում է, որ իրենք ՀՀ տարածքը չեն օկուպացրել, այնտեղ են, որտեղ սահմանն է, կարող է` մենք պայմանագիրը ստորագրենք, Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար պետք է սահմանների հստակեցում լինի»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ կան:

«Ուզում եմ ասել` մենք նաև մեր առաջարկներն ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ, և նաև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը իր առաջարկները, մեծ հաշվով` տեքստի մեր տարբերակը, ներկայացրել է քննարկման: Հույս ունենք` Ադրբեջանը դրանք կառուցողական կքննարկի և կարձագանքի»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում