Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին և միջազգային գործընկերներին

ՄՄերի Ներսիսյան

Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտ սպառնացել է Հայաստանին, ինչպես նաև Իրանին, միջազգային հանրությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանք գործադրող կողմերին: Շուշիում ունեցած ելույթի ընթացքում Ալիևը, հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունը, հայտարարել է, թե իբր Հայաստանը պարտավորվել է «տրամադրել Զանգեզուրի միջանցք և դուրս բերել ամբողջությամբ իր զորքերը Ղարաբաղից, սակայն այդ պարտավորությունները չի կատարել»։

Ադրբեջանի նախագահն անդրադարձ է կատարել նաև հավանական «խաղաղության պայմանագրին»՝ հայտարարելով.

«Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Մեր առաջ քաշած պայմաններն արդարացի են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այս պայմանների հիման վրա»:

Ալիևը խոսքում հերթական անգամ պատերազմի ակնհայտ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Իր ելույթում Ադրբջանի նախագահն անդրադարձել է նաև Իրանին.

«Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում: Եթե պետք լինի, էլի ցույց կտանք, մեր ուզածին կհասնենք, սա բոլորը գիտեն, սա էլ պետք է իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի` մեր սահմաններում։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- ասել է նա։

Ալիևը նաև անթաքույց նշել է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը:

«Հիմա հայերը տեսնում են` ինչ են օկուպացիան և կորուստները։ Սա արվում է նաև, որպեսզի Հայաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները։ Պարտված երկիրը չի կարող իրեն այսպես պահել, ուստի մեր բոլոր քայլերն արդարացված են»,- ասել է Ալիևը:

Հայաստան այցելող միջազգային գործընկերներին և պետությունների ներկայացուցիչներին հարևան երկրի ղեկավարն անվանել է արտերկրից ուղարկված, վարժեցված տարր և սպառնացել, որ Ադրբեջանի ցանկություններով շարժվելուն դեմ դուրս եկած որևէ մեկը, իր բնորոշմամբ, նորից կտեսնի Բաքվի բռունցքը:

Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունները կրկին վերածել է կրոնական կոնֆլիկտի՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին զերծ մնալ Հայաստանի հետ հարաբերություններից։

Իլհամ Ալիևը նաև բացահայտ ակնարկել է, որ մտադիր է խոչընդոտել ՌԴ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումը:

«Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել, 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նրանց ժամկետը նշված է»,- ասել է նա։

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ. ՄԱԿՐՈՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք Է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով:

«Ուկրաինայի գործն է՝ որոշելու այն պայմաններն ու ժամանակը, երբ պատրաստ կլինի վերադառնալ բանակցություններին։ Բայց ինչ-որ պահի պետք է դա անել»,- հավելել է Մակրոնը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։ Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա, ապա առաջարկ անողների միջնորդական ջանքերը պահանջված կլինեն։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ G20-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի G20-ի գագաթնաժողովին՝ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը: Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ, ամենայն հավանականությամբ, մասնակցությունը կլինի առցանց ձևաչափով։

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցի գագաթնաժողովին, եթե այնտեղ լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՄՈՍԿՎԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉՈՒՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՌՈՒԴԵՆԿՈ

Մոսկվան նախապայմաններ չունի Կիևի հետ բանակցությունների համար՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա հավելել է՝ «նախապայման չկա, բացի հիմնական պայմանից՝ Ուկրաինան պետք է բարի կամք դրսևորի»:

Ռուդենկոն հիշեցրել է, որ Կիևի իշխանությունները օրենք են ընդունել, որն արգելում է Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունները։ Դիվանագետն ընդգծել է, որ դա հարևան երկրի իշխանությունների գիտակցված ընտրությունն է։

«Մենք միշտ հայտարարել ենք բանակցելու մեր պատրաստակամության մասին, սակայն բանակցությունները չեղարկվել են ոչ մեր մեղքով»,- հավելել է Ռուդենկոն։

Միաժամանակ դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հարցով դիվանագիտական շփումներ չունի ԱՄՆ-ի հետ։ Դիվանագետը նաև հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու հարցով բանակցությունների շարունակման մասին։

Փոխարտգործնախարարի տվյալով՝ ՌԴ իրավասու մարմիններն ուսումնասիրում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկները։

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

Թուրքիան և ՄԱԿ-ը համակարգում են աշխատանքը, որպեսզի արդարացնեն Ռուսաստանի սպասելիքները հացահատիկի գործարքի շրջանակում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` խորհրդարանում 2023 թվականի բյուջեի լսումների ժամանակ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարում ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելու համար։ Չավուշօղլուն նաև նշել է, որ կողմերի համաձայնության դեպքում հացահատիկի գործարքը կերկարաձգվի։

ԱՄՆ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն մի քանի ժամ է` ԱՄՆ-ում բացվել են ընտրատեղամասերը. երկրում այսօր միջանկյալ ընտրություններ են: Ամերիկացիներն ընտրելու են Ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 անդամի, ինչպես նաև 36 նահանգի օրենսդիր մարմին, պետքարտուղար և նահանգապետ: Արդեն ավելի քան 42 միլիոն ամերիկացի երեկ մասնակցել է քվեարկությանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես քվեարկել է վաղաժամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում