Միջազգային զարգացումները՝ «Մեծ յոթնյակի» ուշադրության կենտրոնում

ԴԴիանա Գասպարյան

ԵՄ-Ն՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եվրամիությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որի պայմաններում երեկ Բրյուսելում, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, ընթացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստը, ինչպես նաև կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները սահմանային խնդիրները լուծելու, անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

Եվրամիությունը հաղորդագրություն է տարածել, նշել, որ հանդիպումը հաջորդել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

ՆԱՏՕ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ողջունում այդ հարցում ԵՄ-ի ջանքերը և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստի անցկացումը, Թվիթերի միկրոբլոգում գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ քննարկումներն անհրաժեշտ են տեղում անվտանգությունը բարելավելու համար:

Կոլոմինան նաև բարձր է գնահատել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը:

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Գերմանիայում տեղի է ունեցել «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպումը: Գլխավոր դիվանագետները հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել, տեղեկացրել Ուկրաինայի վերականգնման համար համակարգող մեխանիզմ ստեղծելու որոշման մասին:

«Յոթնյակը» շարունակելու է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի և ուկրաինական հակամարտությանն աջակցող երկրների դեմ։ Նախարարները նաև անհիմն են համարել «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործելու համար Կիևին Մոսկվայի մեղադրանքները:

Նշվում է, որ առաջիկա շաբաթներին կվերջնականացվի ռուսական նավթի առավելագույն գին սահմանելու գործընթացը:

Հայտարարության մեջ ասված է, որ G7-ը մեղադրում է Իրանին պետություններին և ոչ պետական դերակատարներին անօդաչուներ տրամադրելու համար: Նաև ընդգծվում է, որ Թեհրանը չի կատարել միջուկային ծրագրի վերականգնման համար անհրաժեշտ պայմանները:

Անդրադարձ է եղել Չինաստանի հետ հարաբերություններին.

«G7-ը ձգտում է գործակցել Չինաստանի հետ, միաժամանակ կոչ անում խաղաղ ճանապարհով լուծել Թայվանի հետ կապված հարցերը»,- ասված է փաստաթղթում:

Դիվանագետների երկօրյա բանակցությունները մեկնարկել էին նոյեմբերի 3-ին Մյունստեր քաղաքում: Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ վայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ հենց այդտեղ է 1648 թվականին ստորագրվել Վեստֆալյան պայմանագիրը՝ վերջ դնելով Երեսնամյա պատերազմին։

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽՈՐԱՑՆԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԺՀ ՀԵՏ

Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը:

Օլաֆ Շոլցն անդրադարձել է միջուկային զենքի հնարավոր կիրառմանը, շեշտել՝ Բեռլինը և Պեկինը համակարծիք են, որ միջուկային սպառնալիքներն անընդունելի են: Կանցլերը Ծինփինին հավատացրել է, որ Բեռլինը ցանկանում է խորացնել երկկողմ առևտրատնտեսական գործակցությունը:

Չինաստանի նախագահն ի պատասխան նշել է, որ ԵՄ-ն պետք է կախված չլինի երրորդ կողմերից և շարունակի զարգացնել Պեկինի հետ հարաբերությունները:

ԹԵՀՐԱՆԸ ԿԻԵՎԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Թեհրանը Կիևին կոչ է արել երկկողմ փորձագիտական հանդիպում անցկացնել՝ ուսումնասիրելու պնդումները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայի դեմ օգտագործելու համար:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին զգուշացրել է՝ Թեհրանին ուղղված անհիմն մեղադրանքները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը:

ԻՐԱՆՆ ԱԶԱՏԱԳՐՎԵԼ Է 43 ՏԱՐԻ ԱՌԱՋ. ՌԱԻՍԻ

«ԱՄՆ-ը ոչնչացնում է մյուս ազգերի շահերը՝ սեփական շահերն ապահովելու համար»,- նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Նա մտահոգություն է հայտնել Ջո Բայդենի ավելի վաղ արված հայտարարության կապակցությամբ, թե Վաշինգտոնը պատրաստվում է ազատագրել Իրանը: Ռայիսին ընդգծել է՝ Իրանն ազատագրվել է դեռ 43 տարի առաջ։

Իրանում նոյեմբերի 4-ին նշվում է Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը:

43 տարի առաջ իրանցի ուսանողները գրավել էին Թեհրանում Միացյալ նահանգների դեսպանատունը: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ երկրի 900 քաղաքում բողոքի ակցիաներ են անցել: Թեհրանում ցուցարարներն այրել են ԱՄՆ դրոշը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում