Քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ. Փաշինյանը՝ Սոչիում հանդիպման մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Վարչապետը վստահեցրեց, որ այդ հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:

«Դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր: Իհարկե, այն ունեցել է հրապարակային ու դռնփակ մաս, կարևոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմա՞լ տարբերակով, որն առկա է դաշտում: Խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով ինչքանո՛վ է բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին:

Հիմա մենք հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե ինչքանով է մեր քաղաքականությունը համապատասխանում այն տեսլականին ու շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից:

Քանի որ քննարկվել է, գիտեք` քննարկում կա, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ և ոչ ռուսական հայեցակարգ: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանի Կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում ռուսական հայեցակարգի հետ: Դա այդպես չէ: Ես հիմա կարող եմ ներկայացնել, թե ինչու այդպես չէ:

Հնչել են հրապարակային հայտարարություններ: Ես ինքս չէի կարող դա հրապարակային հնչեցնել նախկինում, քանի որ ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակներն իրենք որոշակիորեն բացահայտել են, թե ինչում է նրբությունը, ես կարող եմ արդեն այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին: Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ, իրենց կարծիքով՝ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց՝ սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի:

Փաշինյանի խոսքով` ՀՀ Կառավարության քաղաքականությունը լիարժեք համապատասխանում է այս տեսլականին:

Նա հիշեցրեց հարցի երեք կոմպոնենտը` ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ, ու նշեց. «Դուք նկատել եք, որ հընթացս «կարգավիճակ» բառը, որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել հենց այս տեսլականի բերումով: Համաձայնել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժի գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում