Անհրաժեշտ է մշակել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կառավարությունը: Թե հատկապես ինչի մասին է որոշման նախագիծը, մանրամասներ չեն նշվում: Ռազմական դաշինքի նիստում քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը, որը մշակվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում: Նիստը նախագահող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին:

Նիկոլ Փաշինյան - Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի մշակման անհրաժեշտությունը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքն էլ հաղորդում է, մասնավորապես, հետևյալը.

«Հավաքական անվտանգության խորհրդի անդամները, հաստատելով կազմակերպության հանձնառությունը` ամրապնդելու խաղաղությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, համատեղ ջանքերով պաշտպանելու ՀԱՊԿ անդամ պետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները: Համապատասխան որոշման նախագծերի մշակման համար Հավաքական անվտանգության խորհրդի անդամները մի շարք առաջարկներ են ներկայացրել»:

Արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասություններն ու վիճելի հարցերը պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների շրջանակում:

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ. ՊՈՒՏԻՆ

Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Պուտինը նշել է, որ պատմականորեն Ռուսաստանը սատարել է հայ բարեկամներին՝ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցում: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, վստահեցրել է, որ այսօր էլ անում են հնարավոր ամեն բան՝ հասնելու Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորմանը:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Բոլորի համար ակնհայտ է՝ ոչ վաղ անցյալում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, մենք բոլորս միասնական պետության կազմում էինք: Մենք հսկայական կապեր ունենք թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ: Դա հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ: Անշուշտ, մենք բոլորս բավական բարդ իրավիճակում ենք: Բայց մենք, իհարկե, չենք կարող անտարբեր մնալ Ռուսաստանի համար երկու բարեկամ պետությունների խնդիրներին ու հակասություններին և պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը: Ընդհանուր առմամբ, մենք, անշուշտ, հետաքրքրված ենք, որ Հարավային Կովկասը լինի հանգիստ ու կայուն զարգացող տարածաշրջան:

ՊՈՒՏԻՆԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԳՏՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Պուտինի խոսքով՝ խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների անվերապահ պահպանումն է:

Վլադիմիր Պուտին - Հենց այդ պայմանավորվածությունների հետևողական կատարման՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցության միջոցների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման միջոցով կարելի է հասնել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կայուն կարգավորման: Հայաստանի վարչապետի հետ այդ մասին բազմիցս խոսել ենք, և, որքան հասկանում եմ, մեր գործընկերը լիովին համաձայն է դրա հետ։

Լուծումները հնարավոր է գտնել միայն այս ճանապարհով, ընդգծել է Ռուսաստանի նախագահը և հավելել, որ հետագայում դա թույլ կտա հասնել նաև խաղաղության պայմանագիր կնքելուն:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ նախատեսվում է նոյեմբերի վերջին: Այս մասին էլ լրագրողներին ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալը: Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգում նորից լինելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում