Եվրամիությունը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

ԴԴիանա Գասպարյան

ՊՐԱՀԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՇԵԼ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այսօր Պրահայում հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ»,- Թվիթերում գրել է Միշելը:

Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երևան-Բրյուսել-Բաքու ձևաչափով հանդիպումների կարևորությունը:

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին միջնորդական առաքելության համար։ Միշելը և Ալիևն անդրադարձել են նաև նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման օրակարգին:

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՆԳՐԵՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՐԳԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի դեմ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է ավելի քան 20 հայ զինծառայողի մահվան, Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ. դրանք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Այս մասին ասված է Պատգամավորների կոնգրեսի հայտարարության մեջ:

Փաստաթղթով կոչ է արվում պահպանել հրադադարի ռեժիմը, հարգել միջազգային իրավունքը և վերսկսել բանակցությունները:

«Ցավում ենք մարդկային կորուստների և բնակչության տառապանքների համար։ Աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԵՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. ՄԱՐԿ ՌՅՈՒՏԵ

Հոկտեմբերի 5-ին Նիդերլանդների խորհրդարանում քննարկումների ժամանակ վարչապետ Մարկ Ռյուտեն, պատասխանելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և դրա ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Նիդերլանդները սատարում է Եվրամիության դիրքորոշումը:

Նա ընդգծել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

Նիդերլանդների վարչապետը հավելել է նաև, որ Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների արտգործնախարարություն, որտեղ նրան ներկայացրել են երկրի տեսակետը և Բաքվին փոխանցել Նիդերլանդների խնդրանքը՝ անկախ փորձաքննություն անցկացնել և հետաքննել պատերազմական հանցագործությունները:

ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը. դրանք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 7-ից:

Նոր փաթեթով ռուսական նավթի գնի վերին շեմ է սահմանվում, արգելվում է ծովային ճանապարհով սահմանաչափը գերազանցող գնով ռուսական նավթ տեղափոխել երրորդ երկրներ: Այնուհանդերձ, հնարավորն են ռուսական նավթի գների սահմանափակումների ռեժիմից որոշակի բացառություններ, եթե դա կարևոր է առանձին երկրների էներգետիկ անվտանգության համար։

Արգելք է սահմանվում Ռուսաստանից պողպատե արտադրանքի, տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի և ծխախոտի ներմուծման նկատմամբ: Արգելվում է նաև Ռուսաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավական ծառայությունների տրամադրումը։

Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է նաև Ռուսաստանին վաճառել քաղաքացիական հրազեն, ռազմական տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ: ԵՄ երկրների քաղաքացիները չեն կարողանա ռուսական պետական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում