Մշակութային արժեքների կեղծման՝ Ադրբեջանի պրակտիկայի մասին բարձրաձայնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից

ՀՀովհաննես Վարդանյան

«Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում խեղաթյուրվում են մշակութային արժեքների ծագումն ու պատկանելությունը»,- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման երրորդ վեհաժողովի ելույթում նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ընդգծել՝ 44-օրյա պատերազմից երկու տարի անց միջազգային կառույցն Արցախում որևէ դիտարկում չի իրականացրել:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Մշակութային արժեքների պահպանության գործում ամենաբարձր մանդատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատն է, որին արդեն տևական ժամանակ չի հաջողվում այցելել Արցախ, որպեսզի մենք տեսնենք՝ ինչ է կատարվում, բոլորս միասին, այսինքն՝ աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: 

«Այցելությանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը»,- նշել է նախարարը, շեշտել՝ հարևան երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում են միակողմանի այցելություն գրավված տարածքներ: Հայկական կողմը միջազգային հանրության ուշադրությանը փաստերով, իրեղեն ապացույցներով է ներկայացրել ադրբեջանական վայրագությունները, նաև հստակ ձևակերպումներով կոնկրետ հարցեր առաջադրել:

Վահրամ Դումանյան - Նույնիսկ նշեցինք թվերը՝ քանի մշակութային արժեքի մասին է խոսքը: Իսկ հակառակ պնդումը՝ մեր զգացածով, այդ դահլիճում, այդ ծափերի բացակայությունն ու ծանր լռությունը, որ տիրում էր դահլիճում, այդ «հերքումից» հետո, նրա ապացույցն էր, որ ներկաները տեղյակ են այդ խնդիրներից, և նրանց վերաբերմունքը մենք ընկալեցինք որպես աջակցություն մեր տեսակետին: 

Ավելի քան 100 երկրի մասնակցությամբ անցկացվող վեհաժողովում Հայաստանը մասնակցել է «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմայով նիստին: Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի ֆոնին Դումանյանը միջազգային հանրությանը ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները:

Աստղիկ Մարաբյան (ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ) - Մեր թեմատիկ զեկույցի վեկտորը որոշակիորեն փոխվեց՝ ներառելով նաև այս իրադարձությունները և Արցախյան հարուստ մշակութային ժառանգության վտանգին սպառնացող, նաև զուգորդվեցին արդեն Հայաստանում, փաստորեն, սահմանամերձ և բուն Հայաստանում գտնվող մեր պատմամշակութային ժառանգության սպառնացող խնդիրները, որոնց թվում 500-ից ավելի պատմության և մշակույթի հուշարձաններ, շուրջ 14 թանգարան՝ 45 000 թանգարանային նմուշներով: 

Ադրբեջանը փորձել է հակափաստարկներ ներկայացնել, թե, իբր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներ իրենք ունեն, այն էլ՝ Հայաստանի տարածքում:

Աստղիկ Մարաբյան - Ցինիզմը հասավ անգամ նրան, որ նշեցին, թե Հայաստանում ադրբեջանական ժառանգությունը վտանգված է: Այսինքն՝ սահմանները, կարծում եմ, չեն եզրափակվում միայն Արցախով, և նրանք անգամ, փաստորեն, սանձարձակություն ունեցան Հայաստանի տարածքում նույնպես մշակութային ժառանգության հավակնություններ ներկայացնել:

Ըստ Մարաբյանի՝ մշակութային արժեքների նկատմամբ հանցագործության կանխումը հնարավոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներ այցելությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում