Վերին Լարսում կուտակումների պատճառով սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը Հյուսիսային Օսիայի տարածք

ԴԴիանա Գասպարյան

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱ

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում կուտակումների պատճառով Հյուսիսային Օսիայի մի շարք շրջաններում սեպտեմբերի 28-ից բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը։

Որոշում է կայացվել նաև սահմանափակել մարդատար ավտոմեքենաների մուտքը հանրապետության տարածք՝ բացառությամբ Հյուսիսային Օսիայում, Հարավային Օսիայում և Վրաստանում գրանցված մեքենաների։ Սահմանափակումները չեն տարածվում նաև Հյուսիսային Օսիայում գտնվող առողջարաններ, հանգստյան տներ ուղևորվող անձանց վրա։

Հանրապետության ՆԳՆ էլ հորդորում է սահմանափակել հանրապետության տարածք այն մարդատար ավտոմեքենաների մուտքը, որոնք ուղևորվում են դեպի «Վերին Լարս», այդ թվում՝ «Կովկաս» դաշնային մայրուղով։

Անցակետում իրավիճակի մասին. վերջին տվյալով՝ ռուս-վրացական սահմանին կուտակվել է 4960 ավտոմեքենա։ Անցակետում գործում է զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ, որտեղ մասնակի զորահավաքի ենթակա ռուսաստանցիներին ծանուցագրեր են հանձնում։

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում ամփոփվել են Ռուսաստանին միանալու հարցով սեպտեմբերի 23-ին մեկնարկած հանրաքվեների արդյունքները: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ընտրողների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին։

Կիևն արձագանքել է. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին առցանց ելույթի ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը զրկել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամակցությունից։

«Ռուսաստանի նպատակն այդ տարածքների բռնակցումն է»,- ընդգծել է նախագահը։

Զելենսկին հայտնել է նաև, որ հանրաքվեների հարցը քննարկել է Թուրքիայի նախագահի հետ:

«Շնորհակալություն եմ հայտնել Ռեջեփ Էրդողանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու և օկուպացված տարածքներում Ռուսաստանի կեղծ հանրաքվեները չճանաչելու համար»,- ասել է նա։

ՊՈՒՏԻՆԸ ԿԶՐՈՒՑԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ. ՊԵՍԿՈՎ

Ռուսական կողմի վերահսկողության տակ անցած տարածքներում հանրաքվեների արդյունքները մեկնաբանել է Դմիտրի Պեսկովը, հայտնել՝ Վլադիմիր Պուտինն առաջիկայում կզրուցի Ռուսաստանին միանալու ցանկություն հայտնած շրջանների ղեկավարների հետ:

Խոսնակը պատասխանել է նաև հարցին՝ կփոխվե՞ն արդյոք ռազմական գործողության նպատակները հանրաքվեներից հետո:

«Գործողության նվազագույն խնդիրը Դոնեցկի տարածքի ամբողջական ազատագրումն է», - ընդգծել է Պեսկովը։

Խոսնակն անդրադարձել է նաև «Հյուսիսային հոսք» խողովակաշարերից արտահոսքի և պայթյունների մասին լուրերին: Ստեղծված իրավիճակը, Եվրամիության պնդմամբ, դիվերսիայի հետևանք է:

Պեսկովը, մասնավորապես, շեշտել է. «Գազատարում նման պատահարների համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն անհեթեթ են: Տեղի ունեցածը մեծ խնդիր է նաև Մոսկվայի համար, քանի որ զրկվել ենք Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունից»:

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԵԿՆԵԼ Է ԱԲԽԱԶԻԱ

Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետություն, որտեղ նախագահ Ասլան Բժանիայի հետ քննարկել է երկկողմ գործակցության մի շարք հարցեր։

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Բելառուսը և Աբխազիան լուրջ հարաբերություններ կհաստատեն, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում:

«Վլադիմիր Պուտինի հետ երկար քննարկել ենք Աբխազիայի հարցը և եկել եզրակացության, որ չենք կարող նրան լքել»,- ասել է Բելառուսի նախագահը։

Աբխազիա Լուկաշենկոյի այցին արձագանքել է վրացական կողմը, Վրաստանում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրանից լրացուցիչ պարզաբանումներ են պահանջել։

ՍԻ ԾԻՆՓԻՆՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Չինաստանի նախագահ, կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինն ընդգծել է Չինաստանի սոցիալիստական ապագայի կառուցման գործում միասնության կարևորությունը: Երկրում պետական հեղաշրջման և տնային կալանքի մասին լուրերի ֆոնին Ծինփինը Պեկինում մասնակցել է Չինաստանի ձեռքբերումներին նվիրված ցուցահանդեսին, ընդգծել, որ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն քաղաքական, տնտեսական և մի շարք այլ մարտահրավերներ է հաղթահարել և համախմբել ժողովրդին:

Հոկտեմբերի 16-ին նախատեսված է Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը, որի արդյունքներով կփոխվեն կոմունիստական կուսակցության Կենտկոմի, Կենտկոմի քաղբյուրոյի, դրա մշտական կոմիտեի և կուսակցական այլ մարմինների կազմերը։

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԸ՝ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում։
Այս նշանակումից առաջ նախարարների կաբինետը ղեկավարում էր թագավորը. թագաժառանգը զբաղեցնում էր Սաուդյան Արաբիայի առաջին փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում