Վաշինգտոնը միլիտարիզմը շփոթում է անվտանգության հետ. Ռայիսի

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ. ԲԼԻՆՔԵՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում լարվածությունը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և օգնում հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ. ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև համակողմանի խաղաղության պայմանագրի կնքմանը հնարավոր է հասնել սեղմ ժամկետներում»: Նա նշել է, որ Անկարան «քայլեր է ձեռնարկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացներին «աջակցելու» համար:

Էրդողանը նաև համոզմունք է հայտնել, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանի բոլոր երկրների համար կարևոր իրադարձություն կդառնա:

ԱՎԵԼԻ ԱՐԴԱՐ ԱՇԽԱՐՀ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ. ՌԱՅԻՍԻ

ԱՄՆ-ը առաջնահերթություն է տալիս սեփական շահերին՝ չցանկանալով ընդունել այն փաստը, որ մնացած երկրներն էլ իրավունք ունեն ինքնուրույն գործելու՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը «միլիտարիզմը շփոթում է անվտանգության հետ»։

«Ներկայիս աշխարհակարգն այլևս արդիական չէ, նոր աշխարհակարգ է ձևավորվում, որտեղ գերիշխում են փողը և տնտեսական պատժամիջոցները: Ավելի արդար աշխարհ է անհրաժեշտ», - նշել է Ռայիսին։

Նա հավելել է, որ Իրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները բոլոր, հատկապես՝ հարևան պետությունների հետ։

«Տարածաշրջանում անվտանգությունը պետք է ձևավորվի ներքին գործոնների հիման վրա, այլ չպարտադրվի դրսից»,- շեշետել է Իրանի նախագահը։

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԶՈՀՎԵԼ Է 5937 ՄԱՐԴ. ՇՈՅԳՈՒ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ռուսական կողմից զոհվել է 5 937 մարդ: Սերգեյ Շոյգուի հավաստմամբ՝ հակամարտության սկզբնական շրջանում Ուկրաինայի զինված ուժերի թիվը հասել է 201-202 հազարի։

«Այժմ այդ թիվը պակասել է ավելի քան 100 հազարով, որից 61 հազար 207-ը՝ զոհ, 49 հազար 368-ը՝ վիրավոր»,- պարզաբանել է Շոյգուն:

Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական կողմի զոհերի թիվը 54 400 է:

ԿԻԵՎԸ ԽԱԽՏԵՑ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍԼՈՒՑԿԻ

Ուկրաինայի հետ բանակցությունները կդառնան անհնար, երբ Դոնբասը Ռուսաստանի մաս դառնա, հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Բանակցությունների մասին, ցավոք, արդեն երկար ժամանակ է՝ խոսք չկա: Միակ տարբերակը կարող է լինել կապիտուլյացիան։ Մենք պատրաստ էինք բանակցել։ Բայց Կիևը խախտեց հնարավոր բոլոր պայմանավորվածությունները»,- ընդգծել է Սլուցկին։

ՄԻՆՉԵՎ ՁՄԵՌ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԻ. ՊՈԴՈԼՅԱԿ

Մինչև ձմեռ պատերազմը չի ավարտվի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը:

Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտն այն է, որ Արևմուտքը վախենում է պարտության դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքից:

Միխայլո Պոդոլյակը համոզմունք է հայտնել՝ եթե Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն հաղթահարեն այդ մտահոգությունները, ապա մի քանի ամսում վերջ կտան ռազմական գործողություններին։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՐՇԵՋ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ

Թուրքիայի հարավում հրշեջ ուղղաթիռ է կործանվել՝ հայտնում են տեղական իշխանությունները։

«Մարմարիսում անտառային հրդեհները մարելու համար ուղարկված ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում ՌԴ դեսպանատան տվյալով՝ զոհվածները Ռուսաստանի քաղաքացիներ են եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում