ԴԴավիթ Մուրադյան

Իռլանդիան մտահոգված է Հայաստանի տարածքում քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով. ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

Իռլանդիան մտահոգված է Հայաստանի տարածքում քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով. ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորենի ելույթը: 

«Իռլանդիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ մարտերի մասին լուրերով, ինչպես նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Նաև ցավում ենք կորսված կյանքերի համար: 

Ողջունում ենք քարտուղարի օգնական Յենչայի զեկույցը հրադադարի մասին: Կարևոր է, որ կողմերը խուսափեն ուժի հետագա կիրառումից, ինչպես նաև պահպանեն զինադադարը և հավատարիմ մնան միջազգային համաձայնություններին: 

Նաև շեշտում ենք ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ոտնահարումն անընդունելի է: Բոլոր ուժերը պետք է վերադառնան մինչև այս ցավալի սրացումը եղած դիրքերը: 

Որևէ պետության զինված ուժեր չպետք է մնան այլ երկրի տարածքում: Բռնությունը երբեք չի կարող պատասխան լինել: Հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով: Վստահ ենք, որ կանանց ներգրավումն այդ գործընթացին ավելի կամրապնդի այն: Համոզված ենք, որ տարածաշրջանում տևական կայունությանն այլընտրանք չկա: 

Պարոն Յենչա, շնորհակալ ենք բանակցային գործընթացի մեջ ՄԱԿ-ի ներգրավվածության պատրաստակամության համար: ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ Բրյուսելի գործընթացի միջոցով:

Իռլանդիան հավատարիմ է ԵՄ ջանքերին, որոնք ուղղված են երկխոսությանը, հակամարտության կայուն և համապարփակ լուծմանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տևական կարգավիճակի սահմանմանը: Մենք աջակցում ենք ընդհանուր նպատակին՝ հասնել այնպիսի Հարավային Կովկասի, որտեղ կա կայունություն և բարգավաճում, որին արժանի են այնտեղի ժողովուրդները»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում