Ադրբեջանը պատրաստվում է ճանաչե՞լ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը. փորձագիտական կարծիքներ

ԼԼիլիթ Ասատրյան

«Oգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քոնյայում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարին». Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում մասնակցում էր Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը, որին, որպես դիտորդ երկրի ղեկավար, հրավիրված էր նաև Էրսին Թաթարը։

Սա գործիչների առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը բավական հեռու գնացող գործընթացի մասին է ազդարարում։

Ռուբեն Սաֆրաստյան (քաղաքագետ) - Այսպիսի ձևակերպումից նախկինում խուսափել էր Ադրբեջանը: Նույնիսկ այլ դաշնակիցները, օրինակ` Պակիստանը, խուսափում են այդպիսի ձևակերպումից, բայց Ադրբեջանը 1 քայլ արեց, և դրա համար եմ ասում, որ հավանաբար շուտով կճանաչի:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Արդեն իսկ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» նախագահի հետ հանդիպումը ցույց է տալիս, որ դե ֆակտո ընդունում է գոյությունը Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության և ակտիվացնում է հարաբերությունները, քանի որ սա ամենաբարձր առումով հանդիպում է։

Նախկինում ևս Ադրբեջանը սատարել է Կիպրոսն օկուպացնելու Թուրքիայի քաղաքականությանը, բայց հարցի հետ կապված այսպես բացեիբաց սկսեց քայլեր ձեռնարկել 2020 թ. Արցախի նկատմամբ ագրեսիայից հետո:

Տարոն Հովհաննիսյան - Պարտավորություն Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանը, բնականաբար, ունի, քանի որ պատերազմի ընթացքում և հետո էլ լուրջ քաղաքական ու ռազմական աջակցություն է ցույց տալիս, բայց սա միայն պարտավորություն չէ, սա բխում է թուրք-ադրբեջանական ռազմավարական բնույթի հարաբերություններից, որոնք բավական խորացած են և փոխադարձ շահեր ունեն:

Ռուբեն Սաֆրաստյան - Շուշիի հայտարարագրից հետո՝ 2021 թ. հունիսին, 2 պետությունների միջև ինտեգրումը գնալով խորանում է, և Թուրքիայի ազդեցությունը խորանում է:

Հիշեցնում է` 44-օրյա պատերազմի ընթացքում Հյուսիսային Կիպրոսը Ադրբեջանին հայտնել էր իր լիակատար աջակցությունը, իսկ արդեն 2021-ին հուլիսի 20-ը նշելու համար առաջին անգամ Կիպրոսի թուրքական հատված էր այցելել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակություն։

Հուլիսի 20-ին թուրքական Կիպրոսը նշում է 1974 թվականին Թուրքիայի զորքերի ափհանման օրը, ինչն իրականում թուրքական զորքերի ներխուժում էր կղզի, որը հանգեցրեց Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիայի: Օկուպացված շրջանների դեմոգրաֆիկ կազմի փոփոխությունից հետո արդեն՝ 1983 թվականին, հռչակվեց, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

Վերադառնալով Ադրբեջանի նախագահի քայլին` փորձագետները նշում են՝ այս հանդիպման ժամկետները պատահական չեն։

Ռուբեն Սաֆրաստյան - Պահն ընտրված է հատուկ, համաձայնագիր ստորագրեցին ԵՄ-ի հետ, որ Ադրբեջանը գազ տրամադրի. այդպես են հաշվարկել, որ կախման մեջ են որոշ չափով, ու մեղմ կարտահայտվի:

Բայց, ամեն դեպքում, Եվրամիության անդամ Կիպրոսի և Հունաստանի դերը շրջանցել պետք չէ, Սաֆրաստյանի կարծիքով՝ եթե ճանաչի` դա ծանր կնստի, գինը մեծ կլինի Ադրբեջանի համար:

Տարոն Հովհաննիսյան - Մյուս կողմից` Թուրքիայի հետ այնքան կապված են, որ գուցե չեն խուսափում Հունաստանի հետ հարաբերությունների փչացումից, չնայած մտածելու բան ունեն, քանի որ նավթատարները անցնում են Հունաստանով, այսինքն` կախվածություն կա:

Տարոն Հովհաննիսյանն էլ կարծում է` քանի դեռ ավելանում է Ադրբեջանին ուղղված Թուրքիայի աջակցությունը, Հյուսիսային Կիպրոսը որպես հանրապետություն ճանաչելու հարցը Ադրբեջանում ավելի հավանական է դառնում:

Տնտեսական կապող օղակներից մինչև տարածաշրջանային ամբիցիաներ. Ադրբեջանին Թուրքիայի հետ կապող շատ թելեր կան, որն արտահայտվում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում